Հոդված 23. Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության ժամանակ
Հոդված 23. Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության ժամանակ
1. Համապատասխան մարմնի վերակազմակերպումը և (կամ) կառուցվածքային փոփոխությունը քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու (լիազորությունները դադարեցնելու) հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատմամբ և (կամ) համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված` պաշտոնների անձնագրերում այնպիսի նոր պահանջների սահմանմամբ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ:
2. Վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ և վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունեցող քաղաքացիական ծառայողին: Նշված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքերում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշում է համապատասխան մարմնի ղեկավարը:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան մարմնի հաստիքների առավելագույն քանակի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշում է համապատասխան մարմնի ղեկավարը:
4. Կառուցվածքային փոփոխության ժամանակ կառուցվածքային փոփոխության ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողն իր հաստիքային միավորով կարող է տեղափոխվել կառուցվածքային փոփոխության չենթարկվող կառուցվածքային ստորաբաժանում՝ հավասարազոր կամ ցածր քաղաքացիական ծառայության պաշտոնի՝ իր համաձայնությամբ:
5. Համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության հետևանքով քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած պաշտոններն զբաղեցվում են անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:
6. Համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայողը վերանշանակվում է մինչև վերակազմակերպումը և (կամ) կառուցվածքային փոփոխությունը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր պաշտոնի կամ ավելի ցածր պաշտոնի` իր համաձայնությամբ, բացառությամբ առաջխաղացման դեպքի: Առաջխաղացման դեպքում քաղաքացիական ծառայողի հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր, և հայտարարվում է մրցույթ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար:
7. Քաղաքացիական ծառայության այն պաշտոնները, որոնք չեն համալրվել սույն հոդվածով սահմանված կարգով, զբաղեցվում են մրցույթով:
8. Վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում:
9. Վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքում, եթե անվանացանկից հանվում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասով գործուղված քաղաքացիական ծառայողի պաշտոնը, ապա գործուղման ժամկետի ավարտից հետո քաղաքացիական ծառայողին առաջարկվում է հավասարազոր կամ ցածր պաշտոն: Եթե քաղաքացիական ծառայողը չի տալիս համաձայնություն առաջարկված պաշտոնում նշանակվելու համար, ապա նա գրանցվում է կադրերի ռեզերվում:
10. Վերակազմակերպումից և (կամ) կառուցվածքային փոփոխությունից հետո անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է համակարգող փոխվարչապետը:
(23-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-12-Ն)
(հոդվածը 04.12.24 ՀՕ-475-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում դրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրը)