Հոդված 7. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները
Հոդված 7. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները
1. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն, բացառությամբ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնների, որոնք զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն:
2. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ է աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.
1) քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ.
2) քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ.
3) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
4) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
3. Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:
4. Հաշվի առնելով քաղաքացիական ծառայության պաշտոնի և (կամ) պաշտոնի ենթախմբերի առանձնահատկությունները, քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությամբ (բացառությամբ Հաշվեքննիչ պալատի), քաղաքացիական ծառայության պաշտոնի և (կամ) պաշտոնի ենթախմբերի համար կարող են սահմանվել կրթության և (կամ) աշխատանքային ստաժի և (կամ) աշխատանքի բնագավառի այլ չափանիշներ, ինչպես նաև քաղաքացիական ծառայության առանձին պաշտոնների համար՝ որակավորման չափանիշներ, այդ թվում` միջազգայնորեն ընդունված հավաստագրման համակարգեր: Այդ չափանիշները քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունը ստանալուց հետո (բացառությամբ Հաշվեքննիչ պալատի) ամրագրվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերում մինչև սույն օրենքով սահմանված կարգով այդ պաշտոններն զբաղեցնելը:
(7-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-12-Ն, լրաց. 22.05.24 ՀՕ-248-Ն)