Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
հարկային ծառայող` հարկային մարմնում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող անձ.
հարկային ծառայության պաշտոնի նկարագիր` տվյալ պաշտոնը զբաղեցնող հարկային ծառայողի համար օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար հարկային ծառայողին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև հարկային ծառայության համապատասխան կոչում ունենալու պահանջները սահմանող, հարկային մարմնի հաստատած փաստաթուղթ.
ռոտացիա` հարկային մարմնի ստորաբաժանումների հարկային ծառայողների տեղափոխում հարկային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում Կառավարության սահմանած կարգով.
հարկային ծառայողի ատեստավորում` հարկային ծառայողի զբաղեցրած պաշտոնին վերջինիս համապատասխանությունը և ծառայողական առաջխաղացման նպատակահարմարությունը որոշելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող որակավորման ստուգում.
հարկային ծառայության գործառույթներ` հարկային մարմնի` ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, վարչապետի կողմից հաստատվող գործառութային պարտականություններ.
հարկային ծառայողի վարքագծի կանոններ` հարկային ծառայողի մասնագիտական (ծառայողական) պահվածքի և վարվելակերպի նորմեր պարունակող փաստաթուղթ, որը հաստատում է Կառավարությունը.
հարկային ծառայողի նյութական պատասխանատվություն` սույն օրենքով, հարկային ծառայության ընթացակարգերով և հարկային ծառայողի վարքագծի կանոններով հարկային ծառայողի համար սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի որոշմամբ և հարկային մարմնի ղեկավարի կողմից կիրառվող պատասխանատվության տեսակ.
ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողով` Կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող մարմին, որն իրականացնում է սույն օրենքով և հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով վերապահված լիազորություններ.
հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտներ՝ Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճարվող հարկերի, տուրքերի և օրենքով սահմանված վճարների, դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների ամբողջություն, որոնց հաշվառումը, հաշվառման և (կամ) վճարման նկատմամբ հսկողությունը, մուտքերի ապահովման վերահսկողությունն օրենսդրությամբ վերապահված է հարկային մարմնին.
հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ՝ հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ, հարկային մարմնի հարկային տեսչություններ.
հարկային ծառայության կադրերի ռեզերվ՝ հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված և (կամ) սույն օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով հարկային ծառայությունից ազատված անձանց հանրույթ:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կիրառվող հասկացությունները սույն օրենքում կիրառվում են օրենսգրքում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
(4-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-191-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-234-Ն, 22.12.10 ՀՕ-268-Ն, փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-276-Ն, խմբ., փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն)