Հոդված 13. Հարկային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
Հոդված 13. Հարկային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
1. Հարկային ծառայության պաշտոնի չի կարող նշանակվել այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկված է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից:
2. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հարկային ծառայողն իրավունք չունի`
1) զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.
2) զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
4) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.
6) ծառայողական պարտականությունները կատարելու համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
7) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքել սույն հոդվածի հինգերորդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
8) հարկային ծառայության պաշտոնից ազատվելուց հետո` երեք տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում:
4. Հարկային ծառայության նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, հարկային ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում լիազորագրի հիման վրա դա հանձնել այլ անձի:
5. Հարկային ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:
(13-րդ հոդվածը լրաց., փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 28.11.06 ՀՕ-208-Ն)