Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) պաշտպանություն՝ ռազմական անվտանգության համակարգը, Հայաստանի Հանրապետության տարածքը, հասարակությունն ու տնտեսությունը պաշտպանության նախապատրաստելու և Հայաստանի Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը, պետական սահմանի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը պաշտպանելու` ռազմական, քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, սոցիալական, իրավական և այլ միջոցների ու միջոցառումների, ինչպես նաև ռազմական անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման մեխանիզմների կիրառման համալիր գործունեության համակարգ.
2) ազգային անվտանգության ռազմավարություն՝ պետության, հասարակության և անհատի անվտանգության և կայուն զարգացման ապահովման պետական քաղաքականություն.
3) ռազմական դոկտրին՝ Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման ռազմաքաղաքական, ռազմական-ռազմավարական, ռազմատնտեսական և ռազմատեխնիկական հիմքերը որոշող պաշտոնական հայեցակետերի համախումբ.
4) ռազմական անվտանգության համակարգ՝ Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմինների ու պաշտոնատար անձանց, զինված ուժերի, այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի և ռազմաարդյունաբերական համալիրի, ինչպես նաև ռազմական անվտանգության խնդիրների լուծման գործառույթներ իրականացնող կազմակերպությունների ամբողջություն.
5) զինված ուժեր՝ Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության համակարգի հիմքը կազմող պետական ռազմական կառույց, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության զինված պաշտպանությունը.
6) այլ զորքեր՝ ոստիկանության զորքեր, սահմանապահ զորքեր և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումներ.
7) միացյալ զինված ուժեր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասնակցությամբ ստեղծվող կազմավորումներ.
8) ազգային անվտանգության հիմնարար արժեքներ` Հայաստանի Հանրապետության անկախություն, պետության և ժողովրդի պաշտպանվածություն, խաղաղություն.
9) տեղեկատվական անվտանգություն` ի շահ պետության` քաղաքացիների և կազմակերպությունների տեղեկատվական միջավայրի ձևավորումը, օգտագործումը և զարգացումն ապահովող տեղեկատվական միջավայրի պաշտպանվածություն.
10) ռազմաարդյունաբերական համալիր՝ գիտական և արտադրական կազմակերպությունների համակարգ, որն իրականացնում է ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների մշակման, արտադրության և նորոգման պետական պատվերներ:
(3-րդ հոդվածը լրաց. 07.04.16 ՀՕ-43-Ն)