Հոդված 8. Պաշտպանության բնագավառում մարզպետների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
Հոդված 8. Պաշտպանության բնագավառում մարզպետների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
1. Մարզպետները իրենց իրավասության սահմաններում`
1) իրագործում են Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտպանության բնագավառի տարածքային քաղաքականությունը.
2) ապահովում են մարզերում պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարումը, զինծառայողների, պահեստազոր արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածությունը, աջակցում են զինված ուժերի զորահավաքային ծավալմանն ու պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացմանը.
3) պաշտպանության նպատակով իրականացնում են մարզի վարչական տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումները, զորահավաքային պլանների ու խնդիրների կատարումը.
4) մասնակցում են մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորման պլանավորմանն ու օժանդակում դրանց իրագործմանը.
5) օրենքով սահմանված կարգով մարզի վարչական տարածքում ապահովում և կազմակերպում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.
6) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով զինված ուժերին ապահովում են նյութական, տեխնիկական միջոցներով, բնական ռեսուրսներով և գործունեության համար անհրաժեշտ այլ արտադրանքով.
7) իրականացնում են օրենքով և Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված այլ լիազորություններ:
2. Պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով: