Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը կազմակերպվում և իրականացվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակության և քաղաքացիների ընդգրկվածության, օրինականության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, զինված ուժերի գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սկզբունքների հիման վրա:

2. Պաշտպանության նպատակով ստեղծվում են զինված ուժեր, ինչպես նաև սահմանվում է քաղաքացիների զինապարտություն:

3. Պաշտպանությանը ներգրավվում են այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը` պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո անցնելու միջոցով:

4. Պաշտպանությանը ներգրավվում է հանրապետության կապի և տեղեկատվության ամբողջ համակարգը` իր ենթակառուցվածքներով, ներառյալ` ռադիոհաճախականության ռեսուրսը, և պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ անցնում է զինված ուժերի ենթակայությանը:

5. Սույն հոդվածում նշված զինված ուժերից և այլ զորքերից բացի Հայաստանի Հանրապետությունում զինվորական այլ կազմավորումների ստեղծումն արգելվում է:

6. Պաշտպանության խնդիրներ լուծելու նպատակով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են տեղակայվել օտարերկրյա պետությունների զինվորական կազմավորումներ և ստորաբաժանումներ:

7. Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման նպատակով զինված ուժերի ստորաբաժանումները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնակցել խաղաղապահ կամ ռազմական գործողությունների:

8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը խաղաղ ժամանակ ներառում է`

1) ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումը, այդ թվում` ազգային անվտանգության ռազմավարության և ռազմական դոկտրինի ընդունումն ու կատարելագործումը.

2) ռազմական սպառնալիքի կանխատեսումն ու գնահատումը.

3) պաշտպանության բնագավառի իրավական կարգավորումը.

4) անհրաժեշտ կառուցվածքով, թվակազմով, ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցած, բարձր մարտունակություն ունեցող զինված ուժերի ստեղծումը, զարգացումը, ինչպես նաև դրանց ծավալման և օգտագործման պլանավորումը.

5) պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացումը և քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության ներգրավումը.

6) միջազգային համագործակցությունը.

7) տնտեսության, կապի և տրանսպորտի բնագավառների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, տարածքի և բնակչության զորահավաքային նախապատրաստությունը.

8) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումն ու իրականացումը.

8.1) անհրաժեշտ կառուցվածքով, թվակազմով, ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և փրկարարական տեխնիկայով ու գույքով հագեցած, բարձր պատրաստականություն ունեցող քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ստորաբաժանումների ստեղծումն ու զարգացումը.

9) ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը.

10) ռազմական գիտության զարգացումը և ռազմական ուսուցումը.

11) զինված ուժերում մարդկային ռեսուրսների պլանավորումը և օգտագործումը.

12) պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման ապահովումը.

13) զինված ուժերի պահեստազորի, ինչպես նաև անհրաժեշտ քանակությամբ զենքի և ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի, պարենի ու այլ նյութերի պաշարների նախապատրաստումը.

14) պաշտպանական ծախսերի ֆինանսավորումը և դրանց օգտագործման նկատմամբ վերահսկողությունը.

15) բնակչության և զինված ուժերի տեղեկատվական անվտանգության ապահովումը.

16) ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական ուսուցումը.

17) պաշտպանության բնագավառի այլ միջոցառումներ:

9. Ռազմական դրության իրավական ռեժիմը, զորահավաքային նախապատրաստությունը և զորահավաքի անցկացումը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը սահմանվում են օրենքով:

(4-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.04.16 ՀՕ-43-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։