Հոդված 14. Զինված ուժերի գլխավոր շտաբը
Հոդված 14. Զինված ուժերի գլխավոր շտաբը
1. Զինված ուժերի գլխավոր շտաբը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է:
2. Զինված ուժերի գլխավոր շտաբը`
1) մշակում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին է ներկայացնում`
ա. առաջարկություններ` ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների, ներառյալ` ազգային անվտանգության ռազմավարության և ռազմական դոկտրինի վերաբերյալ,
բ. զինված ուժերի զարգացման, ծավալման, զորահավաքային, կիրառման, տարածքի օպերատիվ սարքավորման պլանները, ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը, զինված ուժերի կառուցվածքը, հաստիքային թվաքանակը,
գ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերի, զինվորական հաշվառումը վարելու հրահանգի, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերի վերաբերյալ առաջարկություններ,
դ. քաղաքացիական պաշտպանության պլանների վերաբերյալ առաջարկություններ.
2) կազմակերպում է զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ու ռազմավարական ծավալումը.
3) պատասխանատու է զինված ուժերի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության համար.
4) իրականացնում է զինված ուժերը զորահավաքային ծավալման ռազմական տեխնիկայով, սպառազինությամբ և նյութական այլ միջոցներով ընթացիկ ու հեռանկարային պլանավորման, ինչպես նաև խաղաղ ժամանակ այդ միջոցների կուտակման, պահպանման և տեղաբաշխման ապահովումը.
5) ղեկավարում է պաշտպանական ոլորտի կազմակերպություններում գիտական, գյուտարարական և նորարարական աշխատանքների իրականացումը.
6) ապահովում է զինված ուժերի անձնակազմի զինվորական կարգապահությունը, բարոյահոգեբանական բարձր մակարդակը և հայրենասիրական դաստիարակությունը.
7) իրականացնում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների անցկացումը, ինչպես նաև զորահավաքային ռեսուրսների հաշվառումը և հավաքագրումը.
8) իրականացնում է քաղաքացիների զինվորական ծառայության նախապատրաստությունը և զինվորական հաշվառումը.
9) իրականացնում է հետախուզական գործունեություն` պաշտպանության և անվտանգության նպատակով.
10) խաղաղ ժամանակ կազմակերպում է զինված ուժերի կապի և տեղեկատվության համակարգի գործունեությունը, պլանավորում է դրա կիրառումը ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ, իրականացնում է կապի և տեղեկատվության ամբողջ համակարգի ղեկավարումը ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ.
11) կազմակերպում է զինված ուժերի թիկունքային, բժշկական ու տեխնիկական ապահովումը.
12) համակարգում է այլ զորքերի և ռազմական դրության ժամանակ ստեղծվող հատուկ ստորաբաժանումների օպերատիվ ու զորահավաքային պատրաստությունը, վերահսկում է դրանց զորահավաքային պատրաստականությունը.
13) մասնակցում է`
ա. զինված ուժերի կադրային քաղաքականության մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում դրա իրականացմանը,
բ. ռազմագիտական և ռազմակրթական ծրագրերի մշակմանը.
14) իր իրավասության շրջանակներում իրականացնում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ապահովումը.
15) իրականացնում է պաշտպանության և անվտանգության ամրապնդման, քաղաքացիական պաշտպանության կազմակերպման, ապահովման, ինչպես նաև սույն օրենքով, զինված ուժերի կանոնագրքերով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ: