Հոդված 15. Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակումը
Հոդված 15. Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակումը
1. Քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է, բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:
2. Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, իսկ սույն կետի «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության Նախագահը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության վարչապետը.
գ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի աշխատակազմում` այդ մարմնի ղեկավարը, բացառությամբ սույն հոդվածի 2.1-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի.
դ) Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմում` մարզպետը (Երևանի քաղաքապետը), բացառությամբ սույն հոդվածի 2.1-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.
ե) Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովի (ծառայության, խորհրդի) աշխատակազմում` այդ հանձնաժողովի (ծառայության, խորհրդի) ղեկավարը:
2.1. Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
3. Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում, իսկ սույն կետի «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, առաջատար և կրտսեր պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը.
գ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի աշխատակազմում` այդ մարմնի աշխատակազմի ղեկավարը.
դ) Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմում` մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարը.
ե) Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովի (ծառայության, խորհրդի) աշխատակազմում` այդ հանձնաժողովի (ծառայության, խորհրդի) աշխատակազմի ղեկավարը:
4. Քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
(15-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-399-Ն)