Հոդված 33. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը
Հոդված 33. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը
1. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են`
ա) անձնական դիմումը.
բ) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.
գ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կիրառելը.
դ) սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված ժամկետային աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալը.
ե) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.
զ) հաստիքների կրճատումը.
է) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը` չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.
ը) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.
թ) քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու` սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.
ժ) սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.
ժա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.
ժբ) օրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.
ժգ) քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը, իսկ աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալը.
ժդ) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.
ժե) սույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքը.
ժզ) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ անհայտ բացակայող ճանաչվելը.
ժէ) դատական կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.
ժը) սույն օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.
ժթ) համապատասխան մարմնի լուծարումը.
ի) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու համար տրված քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը:
2. Քաղաքացիական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:
3. Սույն հոդվածի 1-ին կետի «զ» և «է» ենթակետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող քաղաքացիական ծառայողները:
(33-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, խմբ., լրաց. 18.04.03 ՀՕ-543-Ն)