Հոդված 8. Քաղաքացիական ծառայության դասային աստիճանները
Հոդված 8. Քաղաքացիական ծառայության դասային աստիճանները
1. Քաղաքացիական ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.
ա) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.
բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան.
գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.
դ) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
2. Բարձրագույն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները շնորհում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձինք:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները շնորհում է աշխատակազմի ղեկավարը:
5. Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողին շնորհվում է քաղաքացիական ծառայության համապատասխան դասային աստիճան:
Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհվում է ատեստավորման արդյունքում:
Քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձին քաղաքացիական ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո:
6. Քաղաքացիական ծառայողը քաղաքացիական ծառայության դասային աստիճանից զրկվում է զբաղեցրած պաշտոնից սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ», «ժ», «ժա», «ժբ» և «ժէ» ենթակետերով նախատեսված հիմքերով ազատվելու դեպքերում:
7. Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանների, իջեցվում է դատական կարգով:
(8-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-399-Ն)