Հոդված 37. Քաղաքացիական ծառայության խորհուրդը
Հոդված 37. Քաղաքացիական ծառայության խորհուրդը
1. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայության միասնական պետական քաղաքականությունն իրականացնում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
2. Քաղաքացիական ծառայության խորհուրդը`
ա) իրականացնում է համապատասխան մարմինների կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկողությունը.
բ) քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության պահանջներին հակասող ակտերը վերացնելու համար դիմում է դատարան.
գ) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմինների վերակազմակերպման և լուծարման ժամանակ քաղաքացիական ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննում է քաղաքացիական ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումները և բողոքները.
ե) սահմանված կարգով և դեպքերում վարում է ծառայողական քննություն.
զ) համաձայնություն է տալիս քաղաքացիական ծառայողի նկատմամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «զ» կամ «դ» և «զ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, ինչպես նաև սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքերում.
է) համապատասխան և այլ մարմիններից ստանում է քաղաքացիական ծառայության հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ը) հաստատում է քաղաքացիական ծառայության խորհրդի ֆինանսական միջոցների օգտագործման կարգը.
թ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայությանն առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծերը.
թ.1) սահմանում է քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնները և էթիկայի հանձնաժողովների ձևավորման, գործունեության կարգը և նրանց գործառույթները.
ժ) ընդունում է սույն օրենքով նախատեսված, ինչպես նաև սույն օրենքի կատարումն ապահովող նորմատիվ իրավական ակտեր.
ժա) իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
3. Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին:
4. Քաղաքացիական ծառայության խորհրդի կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմը:
5. Քաղաքացիական ծառայության խորհուրդը ֆինանսավորվում է պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
Քաղաքացիական ծառայության խորհրդի և նրա աշխատակազմի աշխատողների վարձատրության և պարգևավճարների չափերը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
Քաղաքացիական ծառայության խորհուրդը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը (քաղաքացիական ծառայության խորհրդի ծախսերի նախահաշվի նախագիծը):
Քաղաքացիական ծառայության խորհրդի բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշների համաձայնեցումը և պետական բյուջեի նախագծում դրանց ներառումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված քաղաքացիական ծառայության խորհրդի բյուջետային ֆինանսավորման հայտի օրինակն առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Պետական բյուջեի ծախսային մասում քաղաքացիական ծառայության խորհրդի ծախսերը ներկայացվում են առանձին տողով:
6. Քաղաքացիական ծառայության խորհրդի կանոնադրությունը, նրա աշխատակազմի կազմակերպական կառուցվածքը, կանոնադրությունը, աշխատողների առավելագույն թիվը և հաստիքացուցակը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
7. Քաղաքացիական ծառայության խորհրդի գործողությունները և որոշումները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են բողոքարկման դատական կարգով:
8. Քաղաքացիական ծառայության խորհուրդն իր գործունեության մասին ամենամյա հաղորդումներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
(37-րդ հոդվածը խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, խմբ. 02.05.06 ՀՕ-50-Ն, 04.12.08 ՀՕ-199-Ն)