Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-05-05-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 38. Քաղաքացիական ծառայության խորհրդի կազմը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 38. Քաղաքացիական ծառայության խորհրդի կազմը

1. Քաղաքացիական ծառայության խորհուրդը կազմված է յոթ անդամից` նախագահ, նախագահի տեղակալ և հինգ անդամ:

2. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամներին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

3. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամները, բացառությամբ քաղաքացիական ծառայության խորհրդի առաջին կազմի, նշանակվում են վեց տարի ժամկետով:

4. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամներ կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, պետական կառավարման ոլորտում աշխատանքային փորձ և տիրապետում են հայերենին:

5. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամների պաշտոնները համարվում են քաղաքացիական պաշտոններ:

6. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամների պաշտոնավարման ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական ծառայության ստաժին:

7. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

8. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամը պաշտոնից ազատվում է`

ա) անձնական դիմումի հիման վրա.

բ) պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքում.

գ) երեք ամիս անընդմեջ անաշխատունակության պատճառով իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.

ե) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

զ) դատարանի կողմից անգործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.

է) այլ պաշտոն զբաղեցնելու դեպքում.

ը) օրենքի խախտման դեպքում:

Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:

9. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամին պաշտոնից վաղաժամկետ ազատելու դեպքում տվյալ պաշտոնում նշանակում կատարվում է այդ անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով: Եթե պաշտոնավարման չլրացած ժամկետը պակաս է մեկ տարուց, ապա քաղաքացիական ծառայության խորհրդի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է վեց տարի` գումարած պաշտոնավարման չլրացած ժամկետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։