Հոդված 12.2. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը
Հոդված 12.2. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը
1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների, ինչպես նաև նոր ստեղծված քաղաքացիական ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակել համապատասխան մարմնի այն քաղաքացիական ծառայողին, ով միաժամանակ՝
ա) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.
բ) համարվում է քաղաքացիական ծառայության միևնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է քաղաքացիական ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ կամ 2-րդ ենթախմբերի, իսկ բարձրագույն պաշտոնների խմբի դեպքում՝ 2-րդ ենթախմբի պաշտոն.
գ) համարվում է կոնկրետ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայող.
դ) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:
2. Մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ և քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ այդ պաշտոնը կարող է արտամրցութային կարգով զբաղեցնել միայն քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձը:
(12.2-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, փոփ. 02.05.06 ՀՕ-50-Ն)