Հոդված 19. Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը
Հոդված 19. Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը
1. Յուրաքանչյուր տարի համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:
2. Քաղաքացիական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:
3. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
4. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:
Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի արտահերթ ատեստավորումն անցկացվում է համապատասխանաբար նախարարի, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի և մարզպետի պատճառաբանված որոշմամբ:
5. Ատեստավորումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի անմիջական մասնակցությամբ:
6. Ատեստավորման ենթակա չեն`
ա) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
բ) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
գ) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած քաղաքացիական ծառայողները` վերադառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
դ) սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողները:
Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:
Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
Սույն կետի «ա» ենթակետը չի տարածվում սույն օրենքի 12.2-րդ հոդվածի 1-ին կետով և սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:
7. Ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողները, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագիրը:
Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քաղաքացիական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի ներկայացրած կատարողականի գնահատման արդյունքների վրա:
Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է քաղաքացիական ծառայության պաշտոնից` ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում` հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա քաղաքացիական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:
Քաղաքացիական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:
Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:
9. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով.
ա) փաստաթղթային.
բ) թեստավորման և հարցազրույցի:
10. Փաստաթղթային ատեստավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված ավելի բարձր քաղաքացիական ծառայության դասային աստիճան կամ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնն զբաղեցնելու ընթացքում ատեստավորվել են:
Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն կետի չորրորդ պարբերության «ա» ենթակետի որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն կետի չորրորդ պարբերության «բ» ենթակետով նախատեսված որոշումը:
(պարբերությունն ուժը կորցրել է 18.02.04 ՀՕ-38-Ն)
Փաստաթղթային ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
բ) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:
11. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները`
ա) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.
բ) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 10-րդ կետի 4-րդ մասի «բ» ենթակետում նշված որոշումը:
Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:
Թեստերը կազմում, արդյունքները գնահատում և հարցազրույցն անցկացնում է ատեստավորման հանձնաժողովը՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետով և 8-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններով սահմանված կարգով:
12. Հարցազրույցի արդյունքները գնահատում է (ճիշտ կամ սխալ լինելը) ատեստավորման հանձնաժողովը, որը հարցազրույցի արդյունքների հիման վրա յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Ատեստավորման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ: Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) (կետն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-30-Ն)
բ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
գ) (կետն ուժը կորցրել է 02.05.06 ՀՕ-50-Ն)
դ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետով նախատեսված որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն կետի առաջին պարբերության «դ» ենթակետով նախատեսված որոշումը:
Ատեստավորման հանձնաժողովի որոշումները, իսկ ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:
13. Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք` սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:
14. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ և 10.1-րդ կետերով սահմանված կարգով, եռօրյա ժամկետում ներկայացվում են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին), որը քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:
15. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու ժամանակ սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված որոշումն ընդունում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
16. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
(19-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, 18.04.03 ՀՕ-543-Ն, փոփ. 18.02.04 ՀՕ-38-Ն, փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, փոփ., լրաց., խմբ. 02.05.06 ՀՕ-50-Ն, խմբ. 04.12.08 ՀՕ-199-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-11-Ն, լրաց., խմբ. 07.06.10 ՀՕ-104-Ն, խմբ. 02.03.11 ՀՕ-65-Ն, 19.03.13 ՀՕ-15-Ն)