Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2015-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2015-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 14. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

գործել է մինչև 2015-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 14. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Համապատասխան մարմինների նոր (բացառությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների) ստեղծված քաղաքացիական ծառայության պաշտոնները, ինչպես նաև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններում սույն օրենքի 12.2-րդ հոդվածով և 29-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:

2. Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայության խորհուրդը, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոնների համար համապատասխան մարմինը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում են մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

3. Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմը, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոնների համար` համապատասխան մարմնի աշխատակազմը:

4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:

7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմվում են քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

բ) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 18.04.03 ՀՕ-543-Ն)

դ) համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության.

ե) (ենթակետն ուժը կորցրել է 18.04.03 ՀՕ-543-Ն)

զ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր:

Համակարգչում զետեղված հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի:

Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան:

Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:

8. Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ մասնագիտական գիտելիքները և ունակությունները, գործնական կարողությունները և կառավարչական հմտությունները ստուգելու նպատակով: Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր:

Հարցատոմսի յուրաքանչյուր հարցին պատասխանելուց հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատում է առավելագույնը 10 միավորով: Հարցազրույցն ավարտելուց հետո հրապարակվում են մասնակցի հավաքած միավորների ընդհանուր քանակը և դրա տոկոսային արտահայտությունը: Հարակից հարցերի պատասխանները գնահատվում են հարցատոմսի համապատասխան հարցի պատասխանի համատեքստում:

Հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն յոթանասունհինգ տոկոս՝ հարցազրույցի փուլը հաղթահարելու համար:

Մրցույթի հաղթող են ճանաչվում հարցազրույցի փուլը հաղթահարած այն երեք մասնակիցները, որոնց` թեստավորման և հարցազրույցի փուլերի արդյունքում ստացած տոկոսների հանրագումարը առավելագույնն է: Եթե միևնույն առավելագույն տոկոսներ ստանալու դեպքում հնարավոր չէ պարզել մրցույթի երեք հաղթողներին, ապա միևնույն առավելագույն տոկոսներ ստացած մասնակիցները ճանաչվում են մրցույթի հաղթողներ:

Սույն հոդվածով սահմանված կարգով հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցների թիվը 4-ից պակաս լինելու դեպքում հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները ճանաչվում են մրցույթի հաղթողներ:

9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:

9.1. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը քննության է առնում քաղաքացիական ծառայության խորհուրդը` որոշելով կոնկրետ մասնակցի` մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու հարցը:

Քաղաքացիական ծառայության խորհուրդը սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը հրապարակում է դա ընդունելուց հետո` նույն օրը:

Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված գրավոր բողոք ներկայացնելու, դա քննության առնելու և որոշում կայացնելու կարգն ու ժամկետները սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն հոդվածի 9.1-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, համապատասխան մրցութային հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի: Եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունն ուղարկվում է համապատասխանաբար նախարարին, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, մարզպետին: Համապատասխան նախարարը, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ` հիմնավորմամբ, երեք աշխատանքային օրվա ընթացքում առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմին), որն առաջարկությունն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է պաշտոնում նշանակելու մասին որոշում:

10.1. Սույն հոդվածի 9.1-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն հոդվածի 10-րդ կետով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ուղարկվում է նաև քաղաքացիական ծառայության խորհրդի` սույն հոդվածի 9.1-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը` դա ստանալուց անմիջապես հետո:

11. Եթե մրցույթի մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը չի ստացել առնվազն յոթանասունհինգ տոկոս ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, կամ քաղաքացիական ծառայության խորհուրդը սույն հոդվածի 9.1-րդ կետով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթում հաղթող չճանաչելու մասին որոշում, ապա անցկացվում է նոր մրցույթ:

Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է նոր մրցույթ:

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Նոր մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:

11.1. Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավակնորդների համար քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով առնվազն երեք ամիսը մեկ անցկացվում է թեստավորում: Թեստավորումն անցկացնում է քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստեղծվող թեստավորման հանձնաժողովը: Թեստավորմանը մասնակցելու թույլտվություն տալիս է քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստեղծվող մանդատային հանձնաժողովը: Մանդատային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել թեստավորմանը, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը: Թեստերը կազմում է թեստավորման հանձնաժողովը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով, համակարգչում զետեղված հարցաշարից և դրանից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները Քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած բնագավառներում ստուգելու համար:

Թեստավորման առաջադրանքների առնվազն իննսուն տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները ստանում են քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր: Հավաստագրի գործողության ժամկետը մեկ տարի է: Հավաստագիր ունեցող քաղաքացին կարող է մասնակցել հաջորդ թեստավորմանը, եթե լրացել է նրա հավաստագրի գործողության ժամկետի երեք քառորդը:

Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացիներից գանձվում է վճար, որի չափը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

12. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու կարգը և քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու և քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, խմբ., փոփ. 19.11.02 ՀՕ-443-Ն, լրաց., փոփ., խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն, լրաց., խմբ., փոփ. 18.02.04 ՀՕ-38-Ն, խմբ., փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց., փոփ. 02.05.06 ՀՕ-50-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-11-Ն, լրաց., փոփ., խմբ. 07.06.10 ՀՕ-104-Ն, խմբ. 19.03.13 ՀՕ-15-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։