Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-05-31-ից մինչև 2004-04-03։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2004-04-03-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 14. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

գործել է մինչև 2004-04-03ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 14. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով, բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքի:

2. Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայության խորհուրդը, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոնների համար համապատասխան մարմինը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում են մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

3. Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմը, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոնների համար` համապատասխան մարմնի աշխատակազմը:

4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:

7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմվում են քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

բ) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 18.04.03 ՀՕ-543-Ն)

դ) համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

ե) (ենթակետն ուժը կորցրել է 18.04.03 ՀՕ-543-Ն)

Համակարգչում զետեղված հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի:

Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ պատասխան:

Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:

8. Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր փակ գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել են մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:

10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո համապատասխան մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին տալիս է եզրակացություն, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի: Եզրակացությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում մրցութային հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը տալիս է համապատասխանաբար նախարարին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, մարզպետին (Երևանի քաղաքապետին): Համապատասխան նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը (Երևանի քաղաքապետը) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ եռօրյա ժամկետում առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմին), որն առաջարկությունն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է պաշտոնում նշանակելու մասին որոշում:

11. Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը փակ գաղտնի քվեարկության արդյունքում չի հավաքել մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Կրկնակի մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

Եթե կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար նոր մրցույթը հայտարարվում է կրկնակի մրցույթ անցկացնելուց երկու ամիս հետո:

12. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, խմբ., փոփ. 19.11.02 ՀՕ-443-Ն, լրաց., փոփ., խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։