Հոդված 20. Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը
Հոդված 20. Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը
1. Յուրաքանչյուր տարի համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:
2. Քաղաքացիական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին լրանալուց հետո, բայց ոչ ուշ, քան չորս տարին լրանալը:
3. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
4. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:
Աշխատակազմի ղեկավարի արտահերթ ատեստավորումն անցկացվում է համապատասխան մարմնի ղեկավարի, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պատճառաբանված որոշմամբ:
5. Ատեստավորումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի անմիջական մասնակցությամբ:
6. Ատեստավորման ենթակա չեն՝
1) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
3) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած քաղաքացիական ծառայողները՝ վերադառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
4) 63 տարին լրացած քաղաքացիական ծառայողները:
Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:
Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
Սույն մասի 1-ին կետը չի տարածվում սույն օրենքի 14-րդ և 30-րդ հոդվածներով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:
7. Ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագիրը:
Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քաղաքացիական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր կիսամյակ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:
Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից՝ ատեստավորման արդյունքով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում՝ հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա քաղաքացիական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:
Քաղաքացիական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:
Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:
9. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով.
1) փաստաթղթային.
2) թեստավորման և հարցազրույցի:
10. Այն քաղաքացիական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան կամ տվյալ պաշտոնում մեկ անգամ ատեստավորվել են, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:
Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա՝ հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն մասի չորրորդ պարբերության 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն մասի չորրորդ պարբերության 2-րդ կետով նախատեսված որոշումը:
Փաստաթղթային ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:
11. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները՝
1) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.
2) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 10-րդ մասի չորրորդ պարբերության 2-րդ կետում նշված որոշումը:
Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:
Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը՝ սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով և 8-րդ մասի առաջին ու երկրորդ պարբերություններով սահմանված կարգով:
12. Հարցազրույցի արդյունքները (ճիշտ կամ սխալ լինելը) գնահատում է ատեստավորման հանձնաժողովը, որը հարցազրույցի արդյունքների հիման վրա յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Ատեստավորման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ: Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն մասի առաջին պարբերության 1-ին կետով նախատեսված որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն մասի առաջին պարբերության 2-րդ կետով նախատեսված որոշումը:
Ատեստավորման հանձնաժողովի որոշումը, իսկ ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում համապատասխան մարմնի ղեկավարի, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի որոշումը պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:
13. Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և բողոքարկելու դրանք՝ սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով:
14. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով սահմանված կարգով, եռօրյա ժամկետում ներկայացվում են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին), որը քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:
15. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու ժամանակ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:
16. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
(20-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-62-Ն, փոփ., լրաց., խմբ. 04.12.13 ՀՕ-117-Ն)