Հոդված 15. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
Հոդված 15. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
1. Համապատասխան մարմնի նոր ստեղծված քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները (բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերի), ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններում սույն օրենքի 14-րդ հոդվածով և 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է համապատասխան մարմնի աշխատակազմը:
3. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով և 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:
6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:
Թեստերը կազմվում են համապատասխան մարմնի ղեկավարի, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի սահմանած կարգով՝ համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից՝ մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.
2) քաղաքացիական հատուկ ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության.
3) համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառ (մասնագիտական հարցեր):
Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ պետք է հրապարակվի:
Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան:
Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:
8. Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:
Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ մասնագիտական գիտելիքները և ունակությունները, գործնական կարողությունները և կառավարչական հմտությունները ստուգելու նպատակով: Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր:
Հարցատոմսի յուրաքանչյուր հարցի պատասխանելուց հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատում է առավելագույնը 10 միավորով: Հարցազրույցն ավարտելուց հետո հրապարակվում են մասնակցի հավաքած միավորների ընդհանուր քանակը և դրա տոկոսային արտահայտությունը: Հարակից հարցերի պատասխանները գնահատվում են հարցատոմսի համապատասխան հարցի պատասխանի համատեքստում:
Հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն յոթանասունհինգ տոկոս՝ հարցազրույցի փուլը հաղթահարելու համար:
Մրցույթի հաղթող են ճանաչվում հարցազրույցի փուլը հաղթահարած այն երեք մասնակիցները, որոնց` թեստավորման և հարցազրույցի փուլերի արդյունքում ստացած տոկոսների հանրագումարը առավելագույնն է: Եթե միևնույն առավելագույն տոկոսներ ստանալու դեպքում հնարավոր չէ պարզել մրցույթի երեք հաղթողներին, ապա միևնույն առավելագույն տոկոսներ ստացած մասնակիցները ճանաչվում են մրցույթի հաղթողներ:
Սույն հոդվածով սահմանված կարգով հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցների թիվը 4-ից պակաս լինելու դեպքում հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները ճանաչվում են մրցույթի հաղթողներ:
9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո՝ նույն օրը:
10. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:
Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը քննության է առնում համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը՝ ուսումնասիրելով մասնակցի պատասխանները, դրանց վերաբերյալ մրցութային հանձնաժողովի գնահատականները (դրանց ճիշտ կամ սխալ լինելը)` դրանք համադրելով գնահատման արդյունքների հետ և որոշելով կոնկրետ մասնակցի՝ մրցույթում հաղթող ճանաչվելու հարցը:
Համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը հրապարակում է դա ընդունելուց հետո՝ նույն օրը:
Սույն մասի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված գրավոր բողոք ներկայացնելու, դա քննության առնելու և որոշում կայացնելու կարգն ու ժամկետները սահմանում է համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
11. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, մրցութային հանձնաժողովից ստացված` մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի: Եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում, բացառությամբ սույն մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:
Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն խմբի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունն ուղարկվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին:
Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված եզրակացությունը ստանալուց հետո Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն խմբի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում հիմնավորված առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին, որն առաջարկությունը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, նշանակում է կատարում տվյալ պաշտոնում, իսկ նշանակում չկատարելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ:
12. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ուղարկվում է նաև համապատասխան մարմնի ղեկավարի, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի՝ սույն հոդվածի 10-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը՝ դա ստանալուց անմիջապես հետո:
13. Եթե մրցույթի մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը չի ստացել հանձնաժողովի ներկա գտնվող անդամների գնահատականների առավելագույն հնարավոր միավորների առնվազն 75 տոկոսը և մրցույթում հաղթող չի ճանաչվել, կամ համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթում հաղթող չճանաչելու մասին որոշում, ապա անցկացվում է նոր մրցույթ:
Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:
Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:
Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ:
Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:
Նոր մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:
Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:
Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթում հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:
14. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
(15-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 26.05.08 ՀՕ-62-Ն, փոփ., խմբ. 22.10.08 ՀՕ-174-Ն, խմբ. 27.04.10 ՀՕ-49-Ն, խմբ., փոփ. 04.12.13 ՀՕ-117-Ն)