Հոդված 12. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը
Հոդված 12. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը
1. Հաշվապահական հաշվառման գրանցումները կատարվում են սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են գործառնությունների կատարումը, այլ դեպքերի և իրադարձությունների տեղի ունենալը: Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան գործառնությունները, այլ դեպքերը և իրադարձությունները նույնականացնող անհրաժեշտ վավերապայմաններ:
2. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան հետևյալ պարտադիր վավերապայմանները.
1) փաստաթղթի անվանումը.
2) հերթական համարը.
3) կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
4) գործառնության մասնակիցների (մասնակցի) անվանումը (անունը, ազգանունը).
5) տնտեսական գործառնության բովանդակությունը.
6) տնտեսական գործառնության չափման միավորները` դրամական և բնաիրային արտահայտությամբ.
7) պատասխանատու անձանց պաշտոնները և նրանց ստորագրությունները:
Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերում կարող են ներառվել լրացուցիչ վավերապայմաններ` կախված գործառնության բնույթից և տվյալների մշակման համակարգից: Լրացուցիչ վավերապայմանները կարող են սահմանել Հանրային վերահսկողության խորհուրդը և (կամ) կազմակերպությունը:
3. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը կազմվում են գործառնության կատարման պահին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գործառնության ավարտից անմիջապես հետո:
4. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը ժամանակին և ամբողջական ձևակերպելու, սահմանված կարգով և ժամկետներում հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու համար դրանց փոխանցման պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը կազմող և ստորագրող անձինք:
5. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերում առկա տեղեկատվությունը հավաքվում և համակարգվում է հաշվապահական հաշվառման գրանցամատյաններում՝ ժամանակագրական կարգով:
6. Հանրային վերահսկողության խորհուրդը կարող է սահմանել սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի և գրանցամատյանների օրինակելի ձևեր: