Հոդված 31.3. Տուգանքը
Հոդված 31.3. Տուգանքը
1. Տուգանքը կիրառվում և գանձվում է լիազորված մարմնի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե աուդիտ իրականացնող անձը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ որոշման հետ, ապա լիազորված մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:
2. Տուգանքը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե աուդիտ իրականացնող անձը՝
ա) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` աուդիտորական ծառայություններն առնվազն մեկ աուդիտորի կողմից իրականացվելու վերաբերյալ պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 300 000 դրամի չափով.
բ) խախտել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 150 000 դրամի չափով.
գ) խախտել է սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունով սահմանված պահանջը` յուրաքանչյուր խախտման (կետի) համար 100 000 դրամի չափով.
դ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով սահմանված պահանջները` յուրաքանչյուր խախտման (կետի) համար 200 000 դրամի չափով.
ե) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետով սահմանված պահանջը` 100 000 դրամի չափով.
զ) սույն օրենքի 31.2-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 100 000 դրամի չափով.
է) խախտել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, սակայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, կատարված խախտումը լիազորված մարմնի կողմից գնահատվել է ոչ էական` չի ազդել աուդիտորական եզրակացության ձևի և բովանդակության վրա` 100 000 դրամի չափով.
ը) սույն օրենքի 31.2-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան թույլ տրված խախտումը լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետում չի վերացրել կամ այդ մասին լիազորված մարմնին գրավոր չի տեղեկացրել` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 100 000 դրամի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տուգանքի կիրառումից հետո՝ 2 տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափը ավելանում է 500 000 դրամով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա», «գ» կամ «դ» կետերի խախտումով կազմված եզրակացությունները աուդիտորական եզրակացություն չեն:
(31.3-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-25-Ն)