Հոդված 13. Աուդիտի և հարակից ծառայությունների փաստաթղթավորումը
Հոդված 13. Աուդիտի և հարակից ծառայությունների փաստաթղթավորումը
1. Աուդիտի և հարակից ծառայությունների իրականացումը պարտադիր փաստաթղթավորվում է աուդիտ իրականացնող անձի կողմից` աուդիտի ստանդարտներով սահմանված կարգով:
Աուդիտի և հարակից ծառայությունների փաստաթղթավորումը պարտադիր իրականացվում է հայերեն լեզվով, բացառությամբ աշխատանքային փաստաթղթերի` աուդիտ իրականացնող անձի ներքին կանոնակարգերով սահմանված դեպքերում: Սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված հսկողությունն իրականացնող անձանց պահանջով` աուդիտ իրականացնող անձը պարտավոր է ողջամիտ ժամկետում տրամադրել աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հայերեն թարգմանված տարբերակները:
2. Աուդիտի փաստաթղթավորումը նախատեսում է աուդիտորի աշխատանքային փաստաթղթերի և աուդիտի արդյունքների հիման վրա աուդիտորական եզրակացության կազմումը: Պայմանագրով նախատեսված դեպքերում կամ աուդիտ իրականացնող անձի նախաձեռնությամբ կազմվում է նաև աուդիտորական հաշվետվություն (նամակ աուդիտի ենթարկվող անձի ղեկավարությանը):
3. Աուդիտորի աշխատանքային փաստաթղթերն աուդիտի անցկացման նպատակով աուդիտորի կողմից պատրաստվող կամ ձեռք բերվող և պահպանվող փաստաթղթերն են: Աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը առևտրային գաղտնիք պարունակող փաստաթղթեր են և կարող են հրապարակվել միայն օրենքով սահմանված դեպքերում:
4. Աուդիտորական եզրակացությունները, աուդիտորական հաշվետվությունները, աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը և աուդիտի անցկացման հետ կապված այլ փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան աուդիտի անցկացմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում:
(13-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-86-Ն, 26.05.11 ՀՕ-207-Ն)