Հոդված 26.2. Լիցենզիա ստանալու հայտի մերժումը
Հոդված 26.2. Լիցենզիա ստանալու հայտի մերժումը
1. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`
ա) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
գ) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել աուդիտորական ծառայությունների իրականացմամբ.
դ) հայտատուն չի համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին.
ե) օրենքով սահմանված այլ դեպքերում:
2. Լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիազորված մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով լիցենզավորող հանձնաժողովի կողմից 23 աշխատանքային օրվա ժամկետը կասեցվելու դեպքում այդ ժամկետը սույն մասով սահմանված ժամկետի մեջ չի հաշվարկվում:
3. Լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազորված մարմինը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիազորված մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:
6. Լիցենզիայի հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:
(26.2-րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-207-Ն, խմբ. 25.10.17 ՀՕ-167-Ն)