Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. Մաքսային ծառայության պաշտոնները
1. Մաքսային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:
2. Մաքսային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) մաքսային ծառայության բարձրագույն պաշտոններ.
2) մաքսային ծառայության գլխավոր պաշտոններ.
3) մաքսային ծառայության առաջատար պաշտոններ.
4) մաքսային ծառայության կրտսեր պաշտոններ:
3. Մաքսային ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում և (կամ) փոփոխում է մաքսային մարմնի ղեկավարը և վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
4. Մաքսային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների պաշտոնները պետական վարչական պաշտոններ են, որոնք չեն ընդգրկվում մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկում:
5. Մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք համարվում են մաքսային ծառայողներ:
6. Սույն օրենքով մաքսային ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները տարածվում են մաքսային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը մաքսային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:»: