Հոդված 3. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Հոդված 3. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ
1. Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, դատախազությանը, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված` պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններին (այսուհետ` պետական մարմին) վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:
2. Հիմնարկն իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
3. Հիմնարկն ունի անվանում, որը ներառում է համապատասխան պետական մարմնի անվանումը, իսկ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում` նաև «աշխատակազմ» բառը:
4. Հիմնարկի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:
5. Հիմնարկն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և հիմնարկի հայերեն անվանմամբ կլոր կնիք: Հիմնարկը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Հիմնարկն ունի ինքնուրույն հաշվեկշիռ: