Հոդված 4
Հոդված 4
Ֆինանսավորման և վճարման կարգ
Սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված ֆինանսական ծախսերը Կողմերն իրականացնում են իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան։
Ուղեգրի գները սահմանվում են ընդունող Կողմի պետության ազգային արժույթով։
Ուղեգրի արժեքը սահմանվում է միջազգային պայմանագրերով և Կողմ պետությունների ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով։
Ուղեգրի վճարումն իրականացվում է ընդունող Կողմի ռազմաբժշկական հաստատությունում իր պետության ազգային արժույթով։ Հատկացված ուղեգրերի արժեքի փոփոխման դեպքում Կողմերը գրավոր (ֆաքսի միջոցով, լիազորված մարմնի էլեկտրոնային փոստին) միմյանց տեղեկացնում են, ոչ պակաս, քան մեկնումից քսան օր առաջ։ Ուղարկող Կողմը հատկացված ուղեգրերի արժեքի փոփոխման մասին ծանուցումն ստանալու դեպքում պետք է յոթ օրվա ընթացքում գրավոր (ֆաքսի միջոցով, լիազորված մարմնի էլեկտրոնային փոստին) հաստատի իր զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների նոր պայմաններով ուղարկելու վերաբերյալ համաձայնությունը։
Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն ընդունվում են Կողմի ռազմաբժշկական հաստատություններ ներքոնշյալների առկայությամբ ՝
ուղեգրի լրացված բլանկի՝ հաստատված ռազմաբժշկական հաստատության կամ Կողմի լիազորված մարմնի կնիքով,
ուղարկող Կողմի պետության քաղաքացու անձնագրի, որի գործողության ժամկետը ընդունող Կողմի պետության տարածքում կազմում է մեկնման օրվանից ոչ պակաս, քան վեց ամիս,
զինծառայողի ընտանիքի անդամի պատկանելիությունը հաստատող փաստաթղթերի,
առողջարանակուրորտային բուժման անհրաժեշտության, առողջության վիճակի մասին բժշկական եզրակացության։
Ուղարկող Կողմը պարտավոր է իր զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին ծանոթացնել ուղեգրի արժեքի և ընդունող Կողմի ռազմաբժշկական հաստատությունում մնալու պայմանների հետ։
Ռազմաբժշկական հաստատություն ուշացումով ժամանած անձանց ուղեգրի ժամկետները չեն վերականգնվում։ Ավելի, քան հինգ օր ուշացած անձինք ռազմաբժշկական հաստատություն չեն ընդունվում։
Ռազմաբժշկական հաստատությունից վաղ մեկնման դեպքում զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին իրենց կողմից ուղեգրի չօգտագործված օրերի համար գումարի վերադարձ տրվում է հետևյալ դեպքերում.
զինծառայողի ծառայության վայր հետկանչի դեպքում Կողմերի համաձայնեցված կարգով գրավոր փաստաթղթերի հիման վրա,
հանկարծակի ծանր հիվանդության կամ մերձավոր բարեկամի (մոր, հոր, ամուսնու, կնոջ, եղբոր, քրոջ, երեխաների) կամ խնամակալության տակ գտնվող անձի մահվան դեպքում գրավոր հաստատման հիման վրա (հաստատված հեռագիր կամ ֆաքսի),
ընտանիքի կամ մերձավոր բարեկամի հետ պատահած տարերային աղետի մասին գրավոր հաստատման հիման վրա,
բուժման նպատակով բժշկական հաստատություն տեղափոխման դեպքում։
Սույն Համաձայնագրի պայմաններով ռազմաբժշկական հաստատությունում գտնվող զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները ընդունող Կողմի պետության քաղաքացիների հետ հավասար իրավունքներով օգտվում են ընդունող Կողմի ռազմաբժշկական հաստատության մատուցած ծառայություններից։
Ռազմաբժշկական հաստատություններն իրավունք չունեն փոխելու արժեքը և պահանջել հավելյալ վճար ուղեգրի համար, որով արդեն ուղարկող Կողմի զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն ընդունվել են ռազմաբժշկական հաստատություն։
Կողմերն իրավունք չունեն ստացված ուղեգրերը վաճառել կամ փոխանցել երրորդ իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձի։ Պայմանի խախտման դեպքում այդ ուղեգրով ժամանած անձը ռազմաբժշկական հաստատություն չի ընդունվի։
Ընդունող Կողմի ռազմաբժշկական հաստատություններն իրավունք ունեն վաղ դուրս գրել ուղարկող Կողմի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բուժման ռեժիմը խախտելու դեպքում առանց ուղեգրի համար վճարված գումարը վերադարձնելու։