Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
ջրօգտագործողների ընկերություն (այսուհետ` Ընկերություն)` սույն օրենքի համաձայն` ջրօգտագործողների կողմից ստեղծվող կազմակերպություն.
ջրօգտագործողների միություն (այսուհետ` Միություն)` սույն օրենքի համաձայն` ջրօգտագործողների ընկերությունների կողմից ստեղծվող կազմակերպություն.
ոռոգման համակարգեր` ոռոգման և ցամաքուրդային ջրանցքներ, խողովակաշարեր, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, հորեր, պոմպակայաններ, ջրամբարներ, լճակներ` ճանապարհներով, շենքերով, էլեկտրահաղորդման գծերով և այլ ենթակառուցվածքներով, այդ թվում` ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ.
սպասարկման տարածք` Միության կամ Ընկերության կողմից սպասարկվող աշխարհագրական տարածք, որը գտնվում է նրանց կողմից շահագործվող ոռոգման համակարգի սպասարկման տակ.
սպասարկման ենթատարածք` Ընկերության սպասարկման տարածքի որոշակի մաս, որը ներառում է ոռոգման մեկ ներտնտեսային ցանց.
հիդրոմիավոր` սպասարկման տարածքի որոշակի մաս, որը ոռոգման ջուր է ստանում մեկ ջրաղբյուրից, գլխամասային կառուցվածքից կամ ջրթողից.
ներկայացուցչական գոտի` Ընկերության սպասարկման տարածքի մաս, որի ջրօգտագործողներն իրենց կազմից մեկ կամ մի քանի ներկայացուցիչ են ընտրում Ընկերության ներկայացուցիչների ժողովին մասնակցելու համար.
ոռոգման ոլորտում ջրօգտագործող` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը ոռոգում իրականացնելու նպատակով իր սպասարկման տարածքի ջրամատակարարի հետ սահմանված կարգով կնքել է ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր.
ոռոգմանն ու գյուղատնտեսությանն աջակցող ծառայություններ` ջրօգտագործողներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին այնպիսի ծառայությունների տրամադրում, ինչպիսիք են վարկավորումը, գյուղատնտեսական ներդրանքները, գյուղատնտեսության և ոռոգման ընդլայնումը, ուսուցումը, իրավական, հաշվապահական, անկախ աուդիտ ապահովելը և տեխնիկական հարցերով խորհրդատվությունը, սարքավորումների և համակարգչային ծրագրերի տրամադրումը և այլն:
(3-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)