Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին հոդվածով.
Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին հոդվածով.
«Հոդված 26.1. Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը
1. Հանձնաժողովը օրենքով սահմանված ժամկետում իրականացնում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 22-րդ կետերով նախատեսված անձանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն։
2. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացման ենթակա տվյալներն են՝
1) թեկնածուի և «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների գույքային դրության՝ գույքի և եկամուտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.
2) թեկնածուի կրթության, աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ ուսումնական հաստատության, աշխատավայրի (նախկին և ներկա) անվանումը (անվանումները), զբաղեցրած պաշտոնը (պաշտոնները).
3) քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տեղեկատվություն.
4) «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հետ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով մերձավոր ազգակցությամբ և խնամիությամբ կապված լինելու վերաբերյալ տեղեկատվություն:
3. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնելու փաստի ուժով անձը համարվում է տեղեկացված Հանձնաժողովի՝ սույն օրենքով նախատեսված մարմիններից և անձանցից սույն օրենքով նախատեսված տեղեկություններ պահանջելու և ստանալու լիազորության մասին:
4. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը, ինչպես նաև բարեվարքության ուսումնասիրության գործընթացի մանրամասները սահմանում է Հանձնաժողովը:
5. Սույն օրենքի իմաստով բարեվարքության ուսումնասիրությունը ներառում է՝
1) բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ներկայացված տվյալների արժանահավատության ստուգում.
2) անձի կողմից նախկինում քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքի, այդ թվում՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների պահպանման, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտում կատարած լինելու հանգամանքների ուսումնասիրություն.
3) անձի վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների ուսումնասիրություն.
4) անձի գույքային դրության` փաստացի ստացած եկամուտներին համապատասխանության, ինչպես նաև նախկինում ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրություն.
5) անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրություն.
6) անձի քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրություն:
6. Հանձնաժողովը սույն օրենքով նախատեսված անձի բարեվարքության ուսումնասիրությունն իրականացնում է համապատասխան օրենքներով նախատեսված ժամկետներում։
7. Հանձնաժողովը բարեվարքության ուսումնասիրության գործընթացում իրավասու է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կազմակերպություններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, այլ անձանցից պահանջելու և ստանալու (ներառյալ՝ էլեկտրոնային հարցման եղանակով) Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անձանց վերաբերյալ տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային բյուրոյից՝ վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն:
8. Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության գործընթացին Հանձնաժողովի որոշմամբ կարող են ներգրավվել նաև միջազգային փորձագետներ:
9. Հանձնաժողովը տեղեկատվության ուսումնասիրության և ամփոփման արդյունքում կազմում և իրավասու մարմին է ներկայացնում անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն: