Հոդված 7. Հանձնաժողովների և մրցանակաբաշխության կոմիտեի ձևավորման կարգը
Հոդված 7. Հանձնաժողովների և մրցանակաբաշխության կոմիտեի ձևավորման կարգը
1. Հանձնաժողովներից յուրաքանչյուրը բաղկացած է նախագահից և անդամներից, որոնք հանձնաժողովների կազմում ընդգրկվում են իրենց համաձայնությամբ և իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
2. Հանձնաժողովների կազմում ընդգրկվում են`
1) երկու անդամ՝ առաջադրված այն հասարակական կազմակերպությունների կողմից, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրները ներառում են համապատասխան ոլորտները, և որոնք պետական գրանցման օրվանից առնվազն երեք տարի ծավալել են համապատասխան գործունեություն.
2) երկու անդամ՝ առաջադրված համապատասխան ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության կողմից.
3) երեք անդամ՝ համապատասխան ոլորտում ավանդ ունեցած հեղինակավոր մասնագետներից, որոնց առաջադրում է Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը.
4) երեք անդամ՝ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ նշանակված՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի առաջադրած անձանցից:
3. Հանձնաժողովները համարվում են ձևավորված, եթե հաստատվել է անդամների կեսից ավելին:
4. Հանձնաժողովների անդամի թեկնածու կարող է ընտրվել յուրաքանչյուր ոք, ով օժտված է բարձր մասնագիտական որակներով, անաչառությամբ, իր ոլորտի հեղինակավոր մասնագետ է կամ հանրային հեղինակություն վայելող անձ:
5. Հանձնաժողովների անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության կատարման համար կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող:
6. Հանձնաժողովներն իրենց կազմից ընտրում են հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովների անդամների լիազորությունների ժամկետը երեք տարի է:
7. Հանձնաժողովների անդամներն իրենց ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների համար չեն կարող հավակնել սույն օրենքով սահմանված պետական մրցանակներ ստանալուն:
8. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված թեկնածուներին ներգրավելու նպատակով համապատասխան ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալուց առնվազն 30 օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում հասարակական կազմակերպությունները ներկայացնում են մեկական թեկնածու: Մրցույթի արդյունքում ընտրված թեկնածուների վերաբերյալ տվյալները ներկայացվում են վարչապետի աշխատակազմ:
9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մրցույթի անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանում է Կառավարությունը:
10. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված թեկնածուներին ներգրավելու նպատակով Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալուց առնվազն 30 օր առաջ կարող է հայտարարություն տարածել հանձնաժողովների անդամի թեկնածու ընտրվելու համար ինքնաառաջադրում իրականացնելու հնարավորության վերաբերյալ:
11. Հանձնաժողովների անդամների լիազորությունների ժամկետի ավարտից առնվազն մեկ շաբաթ առաջ թեկնածուների վերաբերյալ տվյալները առաջադրող մարմինները ներկայացնում են վարչապետի աշխատակազմ:
12. Հանձնաժողովների անհատական կազմերը հաստատում է վարչապետը:
13. Հանձնաժողովների ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը:
14. Մրցանակաբաշխության կոմիտեի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը, իսկ անհատական կազմը հաստատում է վարչապետը: