Հոդված 3. Բժշկական օգնությունը և սպասարկումը
Հոդված 3. Բժշկական օգնությունը և սպասարկումը
1. Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները մատուցում են համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, և դրանք դասակարգվում են ըստ բժշկական օգնության և սպասարկման տեսակների, պայմանների և ձևերի:
2. Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման տեսակներն են՝
1) առաջնային բժշկական օգնությունը՝ որպես յուրաքանչյուր մարդու համար անվճար, առավել մատչելի մեթոդների և տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, ներառյալ՝ կանխարգելումը, որը երաշխավորվում է պետության կողմից.
2) մասնագիտացված բժշկական օգնությունը՝ որպես ախտորոշման և բժշկական առանձնահատուկ մեթոդների, այդ թվում՝ նորագույն և բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ.
3) շտապ և անհետաձգելի օգնությունը:
3. Բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանում է Կառավարությունը, իսկ ենթատեսակների շրջանակներում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:
4. Բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են հետևյալ պայմաններում.
1) բժշկական կազմակերպությունից դուրս (շտապօգնության կանչի վայրում, ներառյալ՝ մասնագիտացված շտապօգնությունը, ինչպես նաև բժշկական տարհանման ժամանակ՝ տրանսպորտում)․
2) արտահիվանդանոցային պայմաններում՝ շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում չպահանջող դեպքերում (ներառյալ՝ տնային կանչը)․
3) ցերեկային ստացիոնարի պայմաններում (ցերեկային ժամերին բժշկական հսկողություն և բուժում ապահովելու պայմաններով, որոնք չեն պահանջում շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում)․
4) հիվանդանոցային, երբ անհրաժեշտ են շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում:
5. Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են ըստ մակարդակների, որոնք արտահայտում են բժշկական կազմակերպության կադրային, տեխնիկական և կառուցվածքային հնարավորությունները՝ տվյալ տեսակի բժշկական օգնությունն ու սպասարկումը ընթացակարգով սահմանված ողջ ծավալով իրականացնելու համար:
6. Հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը, ինչպես նաև հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների սահմանման և տրամադրման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
7. Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևերն են՝
1) շտապ՝ բժշկական օգնություն, որը մատուցվում է հանկարծակի արտահայտված սուր հիվանդությունների, վիճակների, քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքերում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում պացիենտի կյանքի համար.
2) անհետաձգելի՝ բժշկական օգնություն, որը մատուցվում է հանկարծակի սուր հիվանդությունների, վիճակների, քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքերում՝ առանց պացիենտի կյանքին ակնհայտ սպառնալիքների նշանների.
3) պլանային՝ բժշկական օգնություն, որն ուղղված է պացիենտի առողջության բարելավմանը, և որի հետաձգումը որոշակի ժամանակով չի առաջացնի պացիենտի առողջական վիճակի վատթարացում, կյանքին կամ առողջությանը վտանգ չի ներկայացնի: