Հոդված 41. Ախտաբանաանատոմիական գործունեությունը
Հոդված 41. Ախտաբանաանատոմիական գործունեությունը
1. Ախտաբանաանատոմիական գործունեությունը բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որն իրականացվում է ձևաբանական հետազոտությունների և ախտաբանաանատոմիական դիահերձումների միջոցով:
2. Ձևաբանական հետազոտություններն իրականցվում են կենդանության օրոք հիվանդությունների ախտորոշման նպատակով: Կենդանության օրոք մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգան և (կամ) հյուսվածք և (կամ) հեղուկ ենթակա է պարտադիր ձևաբանական հետազոտության ախտորոշման ճշգրտման, հաստատման, բուժման արդյունավետության գնահատման նպատակով: Ձևաբանական հետազոտությունների ցանկը և անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման և մահվան պատճառը որոշելու նպատակով: Ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
4. Ախտաբանաանատոմիական դիահերձումները կարող են չիրականացվել՝ հիմք ընդունելով մահացածի՝ կյանքի օրոք հայտնած կամքը կամ ծնողի կամ ամուսնու կամ երեխաների կամ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը, բացառությամբ՝
1) երբ պացիենտը մահացել է հիվանդանոցային հաստատությունում, և առկա է ճշտված եզրափակիչ կլինիկական ախտորոշում․
2) վարակիչ հիվանդությունների և Կառավարության հաստատած՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկի առկայության կամ դրանց կասկածի դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի.
3) չարորակ նորագոյացություններից մահվան դեպքում, երբ բացակայում է դրանց հյուսվածաբանական հաստատումը (վերիֆիկացիան)․
4) շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում:
5. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվում:
6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձանց բացակայության դեպքում պարտադիր կարգով իրականացվում է դիահերձում:
7. Ախտաբանաանատոմիական դիահերձում չիրականացնելու դեպքում կարող են իրականացվել դիակի խնամքի, մշակման (դաբաղման) և պահպանման ծառայություններ: