Հոդված 47. Բժշկական արտադրատեսակի, դրա մասերի կամ բաղադրիչների ներմուծումը և արտահանումը
Հոդված 47. Բժշկական արտադրատեսակի, դրա մասերի կամ բաղադրիչների ներմուծումը և արտահանումը
1. Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակը, դրա մասերը կամ բաղադրիչները ներմուծվում (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով բժշկական արտադրատեսակի, դրա մասերի կամ բաղադրիչների ներսբերում (այսուհետ՝ ներմուծում)) և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում են (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով բժշկական արտադրատեսակի, դրա մասերի կամ բաղադրիչների դուրսբերում (այսուհետ՝ արտահանում)) Կառավարության սահմանած կարգով:
2. Ներմուծման կամ արտահանման հավաստագրի տրամադրման համար բժշկական արտադրատեսակի պետական գրանցում ունենալը պարտադիր չէ՝
1) արտակարգ իրավիճակների կամ դրանց առաջացման վտանգի առկայության դեպքում․
2) բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող բժշկական արտադրատեսակի համար՝ Կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրում գրանցված կամ Միավորված ազգերի կազմակերպության կողմից երաշխավորված լինելու դեպքում՝ լիազոր մարմնի հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո․
3) լիազոր մարմնի գրավոր որոշման առկայությամբ՝ պետության կարիքների կամ առանձին պացիենտների համար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով բժշկական արտադրատեսակի ներմուծման դեպքում․
4) օրենքով սահմանված այլ դեպքերում: