Հոդված 11
Հոդված 11.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2004 թվականին անհրաժեշտության դեպքում`
1) վերաբաշխել սույն օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն խմբին և ենթախմբին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև` նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար սույն օրենքով հաստատված հատկացումները.
2) փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն խմբին և ենթախմբին դասվող` սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների ցանկերում.
3) սույն մասով սահմանված դեպքերում կատարված ծախսերը և ստացված եկամուտներն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում, Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից առանց սահմանափակման իրականացնել`
ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված հիմքերով հայցադիմումներ, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,
բ) Հայաստանի Հանրապետության հարկային կամ մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային և մաքսային պարտավորությունների մարման համար անհրաժեշտ վճարումները,
գ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ոչ կառավարչական բնույթի գործունեություն իրականացնող պետական (բյուջետային) հիմնարկների պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման նպատակով` Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև կազմակերպությանը հանձնված գույքի գրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,
դ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից գույք առանձնացնելիս գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկի կողմից մատակարարին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի գծով ծախսերը,
ե) մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ն իրականացված` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալի նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից գույքի առանձնացման իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գծով ապառքի և դրա նկատմամբ հաշվարկված` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ չվճարված տույժերի չափով` նշված ապառքը մարելու և տույժերը վճարելու նպատակով մատակարար կազմակերպություններին սուբսիդիաների տրամադրման գծով ծախսերը,
զ) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներին վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի պետհամարանիշ տալու, ինչպես նաև ավտոմեքենայի գրանցման ու վերագրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումների գծով այդ հաշմանդամների փոխարեն, նշված օրենքի 31-րդ հոդվածի պահանջներին համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կատարվող ծախսերը.
4) պետական սեփականություն համարվող գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս` հաշվարկված վարձակալական վճարները, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, թողնել հիմնադրամների տնօրինությանը` որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար` առանց սահմանափակման, այդ գումարներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ծախսային մասում` որպես պետական բյուջեից հիմնադրամներին կատարված հատկացումներ, իսկ եկամուտներում` որպես պետական բյուջե այդ հիմնադրամների կողմից մուծված վարձակալական նույն չափերի վճարների ստացում.
5) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեում` սույն օրենքի համաձայն բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում ժամանակավորապես` մինչև 2004 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների կուտակման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված սեփականաշնորհման հատուկ հաշվում միջոցների առկա մնացորդները` ներկայացնելով հատուկ հաշվի շարժը Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով).
6) սույն օրենքի 6-րդ հոդվածով բյուջետային եկամուտների, ըստ ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի գծով սահմանված համապատասխան գումարները պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած` լրացուցիչ ստացված եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների, ինչպես նաև բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային հատկացումների գումարները և N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով.
7) բյուջետային վարկերի վերադարձից ստացվող մուտքերի սույն օրենքով սահմանված գումարը պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած` բյուջետային վարկերի վերադարձից լրացուցիչ ստացված մուտքերի չափով ավելացնել N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գծով սահմանված հատկացումները և դրա օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով.
8) բյուջետային տարվա արդյունքներով` գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը` ներքին և արտաքին աղբյուրներից ստացված փոխառությունների` սույն օրենքով նախատեսված մարումների գծով առաջացող տնտեսումների գումարի չափով և նույն չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները և N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով.
9) վերաբաշխել սույն օրենքի`
ա) N 3 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2004 թվականի ծախսերը (ինչպես ըստ ծախսային հոդվածների, այնպես էլ կոմիտեի կենտրոնական ապարատի և ստորաբաժանումների միջև), այն պայմանով, որ թույլ չտրվի կոմիտեի` սույն օրենքի N 1 հավելվածում նախատեսված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների ծավալների փոփոխություն և սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ծախսային հոդվածի գծով նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի կրճատում` 15 տոկոսի, կամ ավելացում` 30 տոկոսի չափով,
բ) N 4 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2004 թվականի ծախսերը (ըստ ծախսային ծրագրերի), այն պայմանով, որ թույլ չտրվի հիմնադրամի` սույն օրենքի N 1 հավելվածում նախատեսված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների ծավալների փոփոխություն և սույն օրենքի N 4 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ծախսային ծրագրի գծով նախատեսված ծախսերի կրճատում` 15 տոկոսի, կամ ավելացում` 30 տոկոսի չափով.
10) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի և սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համապատասխան թույլատրվող վերաբաշխումներով պայմանավորված փոփոխություններ կատարել սույն օրենքի NN 3-5 և 7 հավելվածներում.
11) կապիտալի գործառնություններից եկամուտների գծով` սույն օրենքով նախատեսված ընդհանուր գումարը տարվա ընթացքում փաստացի գերազանցած մուտքերը, Երևան քաղաքի մասով, ուղղել Երևան քաղաքում 1987-1991 թվականներին պետական կամ հասարակական կարիքների համար իրացված տարածքների բնակտարածություններից զրկված բնակիչների, ինչպես նաև վթարային շենքերի բնակիչների բնակարանային (ներառյալ` շենքերի վերաբնակեցման, ամրացման, քանդման) և այլ համաքաղաքային խնդիրների լուծմանը: Սույն մասով սահմանված կարգով Երևանի համաքաղաքային ծախսերի ֆինանսավորմանն ուղղվող գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները, ինչպես նաև N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումը սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի համապատասխան իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով.
12) թույլ տալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 16-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին վերապահված իրավասությունների իրականացման շրջանակներում կատարվող հատկացումների վերաբաշխումներին համապատասխան, ինչպես նաև իրենց կանոնադրական լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացման կամ ենթակա հիմնարկները` օրենքի համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման անհրաժեշտությունից ելնելով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով փոփոխել և (կամ) լրացնել սույն օրենքի N 9 հավելվածով այդ մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկը.
13) նախորդ տարիների պետական բյուջեների մասին օրենքներով սահմանված` պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով, հիշյալ օրենքներով նախատեսված հատկացումների` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված մնացորդի սահմաններում, 2004 թվականի բյուջետային տարում շարունակել դրանց ֆինանսավորումը նույն աղբյուրից, և նշված միջոցների հաշվին կատարված ծախսերն առանձին հավելվածով արտահայտել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.
14) ի լրումն «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժզ» մասի և «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 22-րդ մասի, 2004 թվականի բյուջետային տարում չմարվող նախորդ տարիների բյուջետային պարտքերի մարման գծով սահմանել մորատորիում` մինչև երկու տարի ժամկետով, բացառությամբ`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխով նախատեսված` պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործողություններով պատճառված վնասի հատուցման պարտավորությունների, բացառությամբ գործարքով կամ իրավական ակտերով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով ներկայացված վնասի հատուցման պարտավորությունների,
բ) Հայաստանի Հանրապետության 2004-2005 թվականների պետական բյուջեների կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա տրվող հատկացումներով մարվող պարտավորությունների,
գ) Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային մասնավոր այն պայմանագրերից ծագած վճարային պարտավորությունների, որոնցում կիրառվող իրավունքը Հայաստանի Հանրապետության իրավունքը չէ,
դ) բյուջետային հիմնարկների (այդ թվում` լուծարված) աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գծով 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ կետանցված պարտավորությունների, եթե նշված ծախսերի կատարումը նախատեսված է եղել համապատասխան (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գծով պարտավորության առաջացման) տարիների պետական բյուջեներով սահմանված համապատասխան ծախսային ծրագրերի` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով առանձնացված հատկացումների հաշվին,
ե) սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռների, դատավճիռների և որոշումների համաձայն բռնագանձման ենթակա` 2003 թվականին գործարքից, օրենքի կամ իրավական ակտի ուժով ծագած գումարների գծով պարտավորությունների.
15) ջրամատակարարող ընկերություններին, նրանց կողմից ավելացված արժեքի հարկի մասով պետական բյուջե կատարվող վճարումների գծով ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով, Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից հատկացնել մինչև 800.0 մլն դրամի չափով սուբսիդիաներ` կատարված ծախսերը և ստացված եկամուտներն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.
16) պահպանելով սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով հաստատված ծախսային ծրագրերի գծով հատկացումների ընդհանուր գումարները` վերաբաշխել դրանք` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների.
17) համայնքների բյուջեներին 2004 թվականին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում կիրառված` սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված ցուցանիշները տարվա ընթացքում ճշգրտվելու դեպքում, մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը վերահաշվարկել սույն օրենքի N 2 հավելվածով հաստատված դոտացիաների գումարները և դրանք հայտնել տեղական ինքնակառավարման մարմիններին: Ընդ որում, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հողի հարկի և գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների 2002 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների գումարների ճշգրտման արդյունքում դրանց ընդհանուր գումարը կտարբերվի սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով հաստատած սահմանաչափից, ապա այդ տարբերության չափով ենթակա է ճշգրտման սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված «բ» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը.
18) սույն օրենքի համաձայն բյուջետային ելքերի ֆինանսավորման համար բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեում միջոցների անբավարարության առաջացման դեպքում, դրանց ֆինանսավորմանն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների 2004 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի գումարը.
19) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված, սակայն չստացված պաշտոնական տրանսֆերտների գումարները 2004 թվականին ստանալու դեպքում, դրանք առաջնահերթության կարգով, սույն հոդվածի 6-րդ մասի համապատասխան, ուղղել դրանց չստացմամբ պայմանավորված բյուջետային պարտքերի մարմանը.
20) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված, սակայն ըստ վարկատուի հետ` 2003 թվականի վճարման պարտավորությունները 2004 թվականի բյուջետային տարի փոխադրելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնության համապատասխան չկատարված վարկերի մարման և սպասարկման (տոկոսավճարների) գծով բյուջետային ելքերի ֆինանսավորմանն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների 2004 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի գումարը: Ընդ որում, վարկերի սպասարկման գծով բյուջետային ծախսերի գումարի չափով ավելացնել բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային հատկացումների և պետական բյուջեի դեֆիցիտի ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները և N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով.
21) ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման դեպքում վճարվող վճարների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները, ինչպես նաև N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումը սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի համապատասխան իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 12. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` անհրաժեշտության դեպքում, վերաբաշխել սույն օրենքի N 6 հավելվածով սահմանված գործառնական և վարչական ծախսերը (ըստ ենթահոդվածների) այն պայմանով, որ թույլ չտրվի գործառնական և վարչական ծախսերի գծով սույն օրենքով հաստատված ընդհանուր սահմանաչափերի գերազանցում, ինչպես նաև գործառնական և վարչական ծախսերի սույն օրենքի N 6 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ենթահոդվածի գծով նախատեսված ծախսերի կրճատում 15 տոկոսի, կամ ավելացում` 30 տոկոսի չափով: