Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվող տերմինները նշանակում են.
«տեղեկություն»՝ ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկություններ (հաղորդագրություններ, տվյալներ) անձանց, կազմակերպությունների, առարկաների, փաստերի, դեպքերի, երևույթների և գործընթացների վերաբերյալ՝ անկախ դրանց ներկայացման ձևից,
«տեղեկատվական համակարգ»՝ կազմակերպած կանոնավորված միջոցների ամբողջություն, որոնցով իրականացնում են որոշակի տեխնոլոգիական գործողություններ տեղեկատվական գործընթացների միջոցով նախատեսված, կոնկրետ գործառութային խնդիրների լուծման համար:
«իրավասու մարմիններ»՝ Համաձայնագրի մասնակից պետությունների՝ սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու մարմիններ,
«ԱՊՀ մարմիններ»՝ մարմիններ, որոնք ստեղծվել են 1993թ. հունվարի 22-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրությամբ և Անկախ Պետությունների Համագործակցության այլ փաստաթղթերով նախատեսված կանոնադրությամբ, որոնց իրավասության շրջանակներում են ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ հարցերը,
«տեղեկատվական համակարգի իրավական ռեժիմ»՝ իրավական ակտերով սահմանված կանոններ, որոնք սահմանում են տեղեկատվական համակարգերի կարգավիճակը, առարկայական ոլորտը, ձևավորման, գործունեության և շահագործման, ինչպես նաև տեղեկատվական համակարգերում պահվող տեղեկույթի հետ վարվելու կարգը, տեղեկույթի սեփականության իրավունքը, տեղեկույթի դասակարգումը՝ ըստ մատչելիության մակարդակի, և տեղեկույթի պաշտպանությունը,
«տեղեկույթի և տեղեկատվական համակարգի սեփականատեր»՝ իրավասու մարմին կամ ԱՊՀ մարմին, որն իրականացնում է տեղեկույթին և տեղեկատվական համակարգերին տիրելու, դրանք օգտագործելու, տնօրինելու իրավունքը, այդ թվում՝ սահմանելու տեղեկատվական համակարգերի իրավական կարգավիճակն այն ծավալով, որը նախատեսված է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ (ԱՊՀ շրջանակներում ընդունված միջազգային պայմանագրերով),
«տեղեկույթի և տեղեկատվական համակարգի տեր»՝ իրավասու մարմին կամ ԱՊՀ մարմին, որն իրականացնում է տեղեկույթին և տեղեկատվական համակարգերին տիրելու, դրանք օգտագործելու, տնօրինելու իրավունքն այն ծավալով, որը սահմանել է սեփականատերը,
«օգտատեր»՝ իրավասու մարմին կամ ԱՊՀ մարմին, որը դիմում է տեղեկույթի և տեղեկատվական համակարգերի սեփականատիրոջը կամ տիրոջը՝ իրեն անհրաժեշտ տեղեկատվական ծառայություն ստանալու համար,
«տեղեկության փոխանակում»՝ իրավասու մարմնի և/կամ ԱՊՀ մարմնի կողմից տեղեկության փոխանցում կամ ընդունում, ինչպես նաև նրանց կողմից տեղեկատվական ծառայությունների տրամադրում, այդ թվում՝ տեղեկատվական համակարգերի միջոցով,
«միջպետական տեղեկատվական համակարգ»՝ տեղեկության փոխանակման մեջ ընդգրկված միջպետական համակարգ, որը համատեղ սեփականության, համատեղ սեփականատիրության կամ համատեղ (ընդհանուր) օգտագործման իրավունքով պատկանում է ԱՊՀ մարմիններին, իրավասու մարմիններին:
Սույն Համաձայնագրում գաղտնի տեղեկության փոխանցման, օգտագործման և պաշտպանության վերաբերյալ տերմիններն օգտագործվում են 2013թ. հոկտեմբերի 25-ի` «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին» համաձայնագրով սահմանված իմաստներով: