Հոդված 54. Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի գործունեությունը
Հոդված 54. Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի գործունեությունը
1. Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը գործում է օրենսդրության համաձայն կարգավորող պետական մարմին ծանուցում ներկայացնելուց հետո:
2. Յուրաքանչյուր նոր տեսալսողական ծրագրի վերաբերյալ ներկայացվում է ծանուցում:
3. Ծանուցումը ներառում է՝
1) տեղեկություններ տեսալսողական ծրագրերի վերաբերյալ.
2) տեղեկություններ տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձի վերաբերյալ.
3) տեսալսողական ծրագրի իրավատիրոջ հետ կնքված պայմանագրի պատճենը.
4) տեղեկություններ Հեռարձակողների և օպերատորի հիմնադիր կամ մասնակից հանդիսանալու վերաբերյալ:
4. Կարգավորող պետական մարմինը ծանուցումը հաստատում է 20-օրյա ժամկետում:
5. Ծանուցման մեջ թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ լինելու կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում գովազդ ներառված լինելու դեպքում այն չի հաստատվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հնարավոր չի եղել ձեռք բերել տվյալ տեսալսողական ծրագրի առանց գովազդի տարբերակը:
6. Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների պահանջների կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության հայտնաբերման առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում կարգավորող պետական մարմնի պահանջն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է տեսալսողական ծրագրերի կամ հաղորդումների տեսագրությունները կամ ձայնագրությունները: Կարգավորող պետական մարմնի պահանջած տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները կարող են չներկայացվել, եթե վարչական վարույթի հարուցման օրվա դրությամբ առերևույթ իրավախախտման օրվանից անցել է 30 օր։
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում տեսագրությունները և ձայնագրությունները չներկայացվելու դեպքում, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բացառման պահանջը խախտվելու դեպքում կարգավորող պետական մարմինն իրավասու է վարչական վարույթի արդյունքով օրենքով սահմանված կարգով ընդունելու որոշում տվյալ տեսալսողական ծրագրի մասով ծանուցման հաստատման մասին ընդունված վարչական ակտի իրավական ուժը դադարեցնելու վերաբերյալ:
(54-րդ հոդվածը լրաց.16.04.26 ՀՕ-133-Ն)
(16.04.26 ՀՕ-133-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)