Հոդված 60. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 60. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքն ուժը կորցրած ճանաչել:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հեռարձակողները և օպերատորները շարունակում են իրենց գործունեությունը լիցենզիայի ժամկետներին համապատասխան:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին նոր լիցենզիա ստացած հեռուստառադիոընկերությունները սույն օրենքի իմաստով համարվում են հեղինակազորված և լիցենզիա ստացած Հեռարձակողներ:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին լիցենզավորման հայտ ներկայացրած հեռուստառադիոընկերությունները սույն օրենքի իմաստով համարվում են հեղինակազորված:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, սեփական տեսալսողական հաղորդում հեռարձակող մալուխային հեռուստառադիոընկերությունները դադարեցնում են սեփական հաղորդման հեռարձակումը:
7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մալուխային հեռուստառադիոընկերությունները համարվում են ցանցային օպերատորներ և շարունակում են իրենց գործունեությունը լիցենզիայի ժամկետով:
8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ցանցային օպերատորները կարգավորող պետական մարմին տեղեկություն են ներկայացնում իրենց ցանցում վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի մասին:
9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կարգավորող պետական մարմնի նախագահը, անդամները, Խորհրդի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ավարտը:
10. Սույն օրենքի 44-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված չափորոշիչները և հասկացությունները կարգավորող պետական մարմինը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
11. Ոչ գծային տեսալսողական տեղեկատվության վերաբերյալ գործունեությունը թույլատրող որոշում ստանալու համար հայտերը ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:
12. Մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը կարգավորող պետական մարմինը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
13. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին լիցենզավորման հայտ ներկայացրած Հեռարձակողները լիցենզիան ստանում են սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններին համապատասխան:
14. Լսողական ծրագիր հեռարձակողների համար անալոգային հաճախականությունների վրա տարածվում են սույն օրենքով սլոթի վերաբերյալ նախատեսված կարգավորումները:
15. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, սույն օրենքով նախատեսված տուգանքները կիրառվում են 50 տոկոսի չափով:
16. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, սույն օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով արգելված արարքներ կատարելու համար կիրառվում է գրավոր նախազգուշացում:
17. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ձևավորած մրցութային հանձնաժողովի կազմը լուծարվում է:
18. Թվային ռադիոհեռարձակման անցնելիս լիցենզիա ստացած լսողական ծրագիր հեռարձակողները պարտավոր են իրենց տեխնիկական միջոցները համապատասխանեցնել թվային հեռարձակման ցանցով հեռարձակվելու համար նախատեսված միջոցներին:
19. Սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասը չի տարածվում սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահին առկա պայմանագրային հարաբերությունների վրա մինչև պայմանագրերի գործողության ժամկետի ավարտը:
20. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ցուցադրության դեպքում գործում է մեկ տարի հետո:
21. Սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
22. 2020 թվականին հայտարարվելիք լիցենզիաների գործողության ժամկետը լրանալու հիմքով սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների հետ միաժամանակ հայտարարվում են նաև բոլոր ազատ սլոթների օգտագործման լիցենզավորման մրցույթները:
23. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիայի մրցույթը հայտարարված լինելու, բայց հայտերի քվեարկությունը կայացած չլինելու դեպքում այն չեղարկվում է, և մրցույթ է հայտարարվում սույն օրենքով սահմանված կարգով: Չեղարկված մրցույթի մասնակցության համար վճարված պետական տուրքը համարվում է վավեր Հեռարձակողի կողմից նոր մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվելու դեպքում: Նոր մրցույթին մասնակցելու համար Հեռարձակողի կողմից հայտ չներկայացվելու դեպքում վճարված պետական տուրքը վերադարձվում է ամբողջությամբ.
24. Սույն օրենքի 14.5-րդ հոդվածը և 57-րդ հոդվածի 10-13-րդ մասերը գործում են մինչև Կոմիտեի ընտրած առևտրային կազմակերպության գործունեությունը, բայց ոչ ուշ, քան մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
(60-րդ հոդվածը լրաց. 25.10.23 ՀՕ-344-Ն, փոփ. 16.04.26 ՀՕ-133-Ն)
(16.04.26 ՀՕ-133-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2020 թ. օգոստոսի 5
Երևան
ՀՕ-395-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2020 թվական: