Հոդված 9.1. Սինթետիկ բովանդակության պարտադիր մակնշումը
Հոդված 9.1. Սինթետիկ բովանդակության պարտադիր մակնշումը
1․ Տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավոր են ապահովել հեռարձակվող տեսալսողական նյութերում սինթետիկ բովանդակության հստակ, լսելի կամ տեսանելի և ընթեռնելի մակնշումը՝
1) գեներատիվ արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման վրա հիմնված այլ տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծված կամ ձևափոխված սինթետիկ բովանդակության դեպքում՝ «Ստեղծված է ԱԲ-ի կողմից» նշումով.
2) թվային այլ տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն ձևափոխված սինթետիկ բովանդակության դեպքում՝ «Ենթարկվել է թվային մշակումների» նշումով։
2․ Մակնշումը պետք է իրականացվի հետևյալ եղանակներով.
1) տեսալսողական հաղորդման դեպքում՝ ցուցադրվի տեսանյութի ամբողջ ընթացքում և արտացոլվի նկարագրության դաշտում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.
2) լսողական հաղորդման դեպքում՝ ներառվի երկու անգամ՝ լսողական հաղորդման սկզբում և վերջում, այդ թվում՝ նկարագրության դաշտում.
3) պատկերների դեպքում՝ արտացոլվի պատկերի վրա և ներառվի պատկերի նկարագրության դաշտում։
3․ Այն դեպքում, երբ հաղորդումն ամբողջությամբ սինթետիկ բովանդակության չէ, մակնշումը կատարվում է միայն հաղորդման այն հատվածում, որը պարունակում է սինթետիկ բովանդակություն։
4. Հեռարձակողի, բովանդակությունն ստեղծողի կամ արտադրողի ընտրությամբ ֆանտաստիկ, գեղարվեստական, հումորային, ուսուցողական տեսալսողական հաղորդումները կամ ֆիլմերը պետք է մակնշվեն սույն հոդվածով սահմանված մակնշման եղանակներից որևէ մեկով՝ նկարագրության մեջ կամ այլ մատչելի ձևաչափով, պայմանով, որ այդ տեղեկացումը հասանելի կամ ընկալելի լինի սպառողի համար:
5. Սինթետիկ բովանդակություն ներառող տեսալսողական հաղորդումների կամ ֆիլմերի մակնշմանը ներկայացվող պահանջները սահմանում է կարգավորող պետական մարմինը։
(9.1-ին հոդվածը լրաց. 07.04.26 ՀՕ-134-Ն)