Հոդված 9. Տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը
Հոդված 9. Տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը
1. Արգելվում է տեսալսողական հաղորդումներում՝
1) սահմանադրական կարգը բռնի տապալելու կամ պատերազմի կոչ անող, այդպիսի գործողությունները խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածումը.
2) բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը.
3) ազգային կամ ռասայական կամ սեռային կամ կրոնական ատելություն բորբոքող, ինչպես նաև տարիքային կամ հաշմանդամության կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանող, խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածումը.
4) պոռնկագրություն տարածելը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը.
5) քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը.
6) քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի և տեսալսողական հաղորդումների հեռարձակումը, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Ուղիղ եթերի ժամանակ սույն հոդվածի 1-ին մասով, բացառությամբ 4-րդ կետի, սահմանված արգելքները խախտելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրավախախտման մասին ուղիղ եթերում զգուշացվել կամ հայտարարվել է, իսկ կրկնակի իրավախախտման դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:
3. Կարգավորող պետական մարմինն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դիմում է իրավասու մարմիններ:
4. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և ֆիլմերը, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն:
5. Արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածումը:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ պատերազմի կոչ անող, այդպիսի գործողությունները խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածման, 2-րդ և 3-րդ կետերով, 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված տեսալսողական հաղորդումների վրա տարածվող չարաշահման արգելքների չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:
7. Պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին արգելվում է Հեռարձակողների կողմից զվարճալի հաղորդումների և գովազդի հեռարձակումը:
8. Հեռարձակողները կամ օպերատորները սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեսալսողական հաղորդումներն առանց ժամային սահմանափակումների կարող են տարածել սպառողների կողմից այդ հաղորդումների հասանելիության արհեստական արգելքի (կոդի) ներդրման տեխնիկական հնարավորության առկայության դեպքում:
9. Արգելվում է Հեռարձակողի, իսկ ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ տեսալսողական հաղորդումն առանց դրա գույքային իրավունքները տիրապետող անձի համաձայնության տարածելը:
(9-րդ հոդվածը խմբ. 26.10.22 ՀՕ-404-Ն, լրաց. 20.03.24 ՀՕ-136-Ն, խմբ. 16.04.26 ՀՕ-133-Ն)
(16.04.26 ՀՕ-133-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)