Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-06-26-ից մինչև 2017-11-25։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2017-11-25-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 9 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 62. Անցումային դրույթներ

գործել է մինչև 2017-11-25ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 62. Անցումային դրույթներ

1. Հեռահաղորդակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացրած ռադիոհեռարձակման համար նախատեսված հաճախությունների համաձայն՝ Ազգային հանձնաժողովը 2017 թվականի հուլիսի 20-ից հետո անցկացնում է ռադիոհեռարձակման թվային լիցենզավորման մրցույթ:

Հայաստանի Հանրապետությունում թվային ռադիոհեռարձակման անցման ժամանակ օրենքի 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերում նշված ռադիոընկերությունները պարտավոր են իրենց տեխնիկական միջոցները համապատասխանեցնել թվային հեռարձակման ցանցով հեռարձակվելու համար նախատեսված միջոցներին: Այս պայմանի ապահովման դեպքում լիցենզավորված ռադիոընկերությունները կգործեն մինչև իրենց գործող լիցենզիայի ժամկետի ավարտը:

2. Այն ռադիոընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչև 2011 թվականի հունվարի 20-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային հանձնաժողով: Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչև 2017 թվականի հուլիսի 20-ը:

3. Մարզային հեռուստաընկերությունների (դրանց թվում չեն ներառվում Երևան քաղաքում գործող լիցենզավորված հեռուստաընկերությունները) անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի:

4. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթի արդյունքում լիցենզավորված մարզային հեռուստաընկերությունների (դրանց թվում չեն ներառվում Երևան քաղաքում գործող լիցենզավորված հեռուստաընկերությունները) նկատմամբ տարածվում են այդ մրցույթի արդյունքում լիցենզավորված բոլոր հեռուստաընկերությունների համար սույն օրենքով սահմանված դրույթները:

5. 2010 թվականի հուլիսի 20-ին Ազգային հանձնաժողովը հայտարարում է տասնութ հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթ և սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում լիցենզավորում:

6. Հեռուստահեռարձակողների լիցենզավորման սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետում հայտարարվող առաջին մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահեռարձակողներից յուրաքանչյուրի հետ Ազգային հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփումից հետո` տասնօրյա ժամկետում, լիցենզիայի գործողության առաջին հինգ տարիների ընթացքում հեռարձակում իրականացնելու համար համաձայնեցնում է հեռուստահաղորդումների հեռարձակման հաճախականությունը: Հայաստանի Հանրապետությունը մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահեռարձակողներին ապահովում է ազատ եթերային հաճախականությամբ` մինչև 2016 թվականի հունվարի 1-ը անալոգային հեռուստահեռարձակում իրականացնելու համար:

7. Հեռուստահաղորդումների հեռարձակման հաճախականությունների համաձայնեցումից հետո` վեցամսյա ժամկետում, լիցենզավորված հեռուստահեռարձակողները պարտավոր են իրականացնել հեռուստահաղորդումների հեռարձակման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ու հեռարձակման ցանցերի տեղադրումը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրականացրած` հեռուստատեսության հեռարձակման ցանցերի տեխնիկական փորձաքննության հիման վրա:

8. Լիցենզիա ստացած հեռուստահեռարձակողի կողմից սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում նշված պարտականությունը չկատարելը հիմք է սույն օրենքով սահմանված կարգով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար:

9. Լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահեռարձակողներին տրված լիցենզիաների գործողության ժամկետի սկիզբն է 2011 թվականի հունվարի 20-ը:

10. 2010 թվականի հուլիսի 20-ից մինչև 2016 թվականի հունվարի 1-ը համարվում է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջան, որի ընթացքում պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմամբ իրականացվում է աստիճանական (ըստ Հայաստանի Հանրապետության առանձին մարզերի) անցում թվային հեռարձակման:

11. 2016 թվականի հունվարի 1-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դադարեցվում է անալոգային հեռուստահեռարձակումը, և այդ պահից սկսած` Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է միայն թվային հեռուստահեռարձակում:

12. 2017 թվականի հուլիսի 20-ից ռադիոյի թվային հեռարձակումն ապահովելու նպատակով օրենքով սահմանվում են ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները, այդ թվում` ռադիոհեռարձակման լիցենզիաների համար մրցույթի արդյունքում լիցենզավորվող ռադիոընկերությունների թեմատիկ ուղղվածությունն ու քանակը: Մինչև թվային ռադիոհեռարձակման լիցենզիաների համար մրցույթի անցկացումը և համապատասխան լիցենզիաների տրամադրումը գործող ռադիոընկերությունները շարունակում են գործունեությունը իրենց լիցենզիաների պայմաններին համապատասխան:

13. (կետն ուժը կորցրել է 18.12.15 ՀՕ-202-Ն)

14. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժի մեջ է մտնում սույն օրենքով սահմանված կարգով կազմավորված Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներից որևէ մեկի պաշտոնավարման ժամկետը լրանալու պահից:

15. Սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

16. Մինչև մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության սկիզբը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է տեղական հեռուստառադիոընկերությունների գործունեությունը՝ գործող լիցենզիաների՝ առանց փոփոխությունների երկարաձգման միջոցով: Ազգային հանձնաժողովը սահմանում է տեղական հեռուստառադիոընկերությունների լիցենզիաների երկարաձգման կարգը և պայմանները, որոնք, սակայն, չեն կարող պարունակել հավելյալ պահանջներ, բացի ընկերության կողմից կիրառվող հեռարձակող սարքերի, ընկերության գործունեության (տևողության) և ընկերության մասին հանձնաժողով տեղեկատվություն ներկայացնելուց: Լիցենզիան երկարաձգվում է յուրաքանչյուր տարածքում մինչև նշված տարածքը ներառող մարզում հեռարձակման նոր մրցույթի անցկացումը և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը: Սույն մասում նշված ընկերություններից լիցենզիայի երկարաձգման և տարեկան պետական տուրքեր չեն գանձվում:

(62-րդ հոդվածը փոփ. 19.06.13 ՀՕ-70-Ն, 23.06.15 ՀՕ-68-Ն, փոփ., լրաց.18.12.15 ՀՕ-202-Ն, փոփ. 07.06.16 ՀՕ-98-Ն, խմբ. 31.05.17 ՀՕ-87-Ն)

(օրենքը խմբ. 10.06.10 ՀՕ-100-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

9 նոյեմբերի 2000 թ.

ՀՕ-97

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։