Հոդված 47. Թվային հեռարձակման ցանցը
Հոդված 47. Թվային հեռարձակման ցանցը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոծրագրերի եթերային հեռարձակումն իրականացվում է թվային հեռարձակման ցանցի միջոցով:
2. Մինչև սույն օրենքի 62-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված ժամկետում իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանցերի ստեղծումը թվային հեռարձակման ցանցը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:
3. Հայաստանի Հանրապետության սեփականություն համարվող թվային հեռարձակման ցանցի ստեղծումը, պահպանումն ու շահագործումն իրականացնող կազմակերպության հիմնադրումը և նրա գործառույթները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
4. Ազգային հանձնաժողովը յուրաքանչյուր տասը տարին մեկ` սկսած 2010 թվականի հուլիսի 20-ից, հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների մրցույթ` հանրապետական, մայրաքաղաքային և տարածքային սփռման սույն հոդվածով սահմանված թեմատիկ ուղղվածություն ունեցող և սույն հոդվածում նշված քանակությամբ հեռուստաընկերությունների համար:
2010 թվականի հուլիսի 20-ին հայտարարվող թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների առաջին մրցույթի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 62-րդ հոդվածով:
5. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում հանրապետական սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ հեռուստաընկերությունները.
1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության երկու հեռուստածրագրեր (հեռուստաալիքներ), որոնցից մեկը` ընդհանուր ուղղվածության, մյուսը` հոգևոր-մշակութային.
2) հինգ մասնավոր հեռուստաընկերություններ` ընդհանուր ուղղվածության.
3) մեկ վերահեռարձակող հեռուստաընկերություն:
6. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մայրաքաղաքային սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ հեռուստաընկերությունները.
1) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` ժամանցային ուղղվածության.
2) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` երիտասարդական ուղղվածության.
3) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` երաժշտական ուղղվածության.
4) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության.
5) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` միջազգային և տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության.
6) չորս վերահեռարձակող հեռուստաընկերություններ:
7. Թվային հեռարձակման ցանցի միջոցով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում հեռարձակում է իրականացնում ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող մեկական տարածքային սփռման մասնավոր հեռուստաընկերություն:
8. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում հանրապետական սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.
1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության մեկ ռադիոծրագիր.
2) երեք մասնավոր ռադիոընկերություն` ընդհանուր ուղղվածության:
9. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մայրաքաղաքային սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.
1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության երկու ռադիոծրագիր.
2) մեկ մասնավոր ռադիոընկերություն` ժամանցային ուղղվածության.
3) մեկ մասնավոր ռադիոընկերություն` երիտասարդական ուղղվածության.
4) մեկ մասնավոր ռադիոընկերություն` երաժշտական ուղղվածության.
5) տասը մասնավոր ռադիոընկերություն` ընդհանուր ուղղվածության:
10. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մարզային սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.
1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության մեկ ռադիոծրագիր և ընդհանուր ուղղվածության երկու մասնավոր ռադիոընկերություն:
(47-րդ հոդվածը լրաց. 31.05.17 ՀՕ-87-Ն)