Հոդված 49. Լիցենզավորված անձի ընտրությունը
Հոդված 49. Լիցենզավորված անձի ընտրությունը
1. Ազգային հանձնաժողովը լիցենզավորված անձի ընտրության ժամանակ հաշվի է առնում`
1) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.
2) հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը.
3) հեռուստառադիոընկերության բիզնես ծրագրի հիմնավորվածությունը.
4) բազմակարծությունը խթանելու կարողությունը.
5) դիմողի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները.
6) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը:
2. Լիցենզավորման մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է`
1) գործող այն հեռուստառադիոընկերություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում օրենսդրության խախտումներ թույլ չեն տվել.
2) գործող այն հեռուստառադիոընկերություններին, որոնք հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունեն առնվազն երեք տարվա փորձ:
3. Ազգային հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը կայացնում է վարկանիշային քվեարկության արդյունքների հիման վրա: Ազգային հանձնաժողովի որոշումը պետք է լինի պատշաճ հիմնավորված և պատճառաբանված: Ազգային հանձնաժողովն ապահովում է իր որոշման հրապարակայնությունը: Վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանվում է Ազգային հանձնաժողովի սահմանած մրցույթի անցկացման կարգով:
(49-րդ հոդվածը փոփ. 31.05.17 ՀՕ-87-Ն)