Հոդված 37. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը
Հոդված 37. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Ազգային հանձնաժողով) կարգավորող անկախ մարմին է, որի նպատակն է ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորել և վերահսկել հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը: Հանձնաժողովը կազմված է 8 անդամից:
Ազգային հանձնաժողովը`
ա) իրականացնում է եթերային հաճախությունների հրապարակային և մրցութային հատկացումը ու ապահովում է մրցույթների արդյունքների մասին ամբողջական տեղեկատվության հրապարակումը.
բ) հաստատում է արտոնագրի (լիցենզիայի) ձևերը.
գ) հատկացնում է արտոնագրեր (լիցենզիաներ).
դ) կազմում և հրապարակում է արտոնագրատերերի ցուցակը, հսկում է արտոնագրում (լիցենզիայում) նշված պայմանների կատարումը.
ե) թույլատրում է հեռուստառադիոընկերությունների կողմից կոդավորված հաղորդումների հեռարձակումը.
զ) հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունների և ձայնագրությունների օգտագործման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը.
է) հսկում է հեռուստառադիոհաղորդումների պատրաստման տեխնիկական չափանիշների, ինչպես նաև տեխնիկական միջոցների համապատասխանությունը գործող ստանդարտներին և տրված հավաստագրին.
ը) սույն օրենքի խախտման դեպքում, մինչև դատարանի որոշում կայացնելը, կասեցնում է հեռուստառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը.
թ) սույն օրենքի 55-րդ հոդվածով նախատեսված դեպքում ուժը կորցրած է ճանաչում տրված արտոնագիրը.
ժ) վերահսկում է հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) կողմից նախընտրական քարոզչության` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգի պահպանման նկատմամբ և նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում իրավասու է դիմել դատարան` տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը) օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հայցով:
Ազգային հանձնաժողովի գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից: Բյուջեում առանձին տողով նշվում է այդ մասին:
(37-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 24.10.01 ՀՕ-251, խմբ. 26.02.07 ՀՕ-99-Ն, լրաց. 16.11.07 ՀՕ-221-Ն)