Հոդված 37. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը
Հոդված 37. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ՝ Ազգային հանձնաժողով) կարգավորող անկախ մարմին է, որի նպատակն է ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը, ինչպես նաև հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների, այդ թվում՝ Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության վերահսկումը:
Ազգային հանձնաժողովը`
ա) իրականացնում է եթերային հաճախությունների հրապարակային և մրցութային հատկացումը ու ապահովում է մրցույթների արդյունքների մասին ամբողջական տեղեկատվության հրապարակումը.
բ) հաստատում է արտոնագրի (լիցենզիայի) ձևերը.
գ) հատկացնում է արտոնագրեր (լիցենզիաներ).
դ) կազմում և հրապարակում է արտոնագրատերերի ցուցակը, հսկում է արտոնագրում (լիցենզիայում) նշված պայմանների կատարումը.
ե) թույլատրում է հեռուստառադիոընկերությունների կողմից կոդավորված հաղորդումների հեռարձակումը.
զ) հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունների և ձայնագրությունների օգտագործման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը.
է) հսկում է հեռուստառադիոհաղորդումների պատրաստման տեխնիկական չափանիշների, ինչպես նաև տեխնիկական միջոցների համապատասխանությունը գործող ստանդարտներին և տրված հավաստագրին.
ը) սույն oրենքի խախտման կամ լիցենզիայի պայմանները և(կամ) իր որոշումները չկատարելու դեպքում գրավոր նախազգուշացնում է տվյալ հեռուստառադիոընկերությանը՝ պարտավորեցնելով բավարարել ներկայացվող պահանջները, իսկ դրանք չկատարելու կամ կրկնակի խախտելու դեպքում կասեցնում է հեռուստառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը կամ դատարանի համապատասխան որոշում կայացնելը.
թ) սույն օրենքի 55-րդ հոդվածով նախատեսված դեպքում ուժը կորցրած է ճանաչում տրված արտոնագիրը.
ժ) վերահսկում է հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) կողմից նախընտրական քարոզչության` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգի պահպանման նկատմամբ և նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում իրավասու է դիմել դատարան` տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը) օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հայցով.
ի) ստանում, գրանցում, ուսումնասիրում և հիմնավոր պատասխանում կամ եզրակացություն է տալիս ցանկացած հեռուստառադիոընկերության գործունեության վերաբերյալ բողոքներին, առաջարկություններին և հարցումներին:
Ազգային հանձնաժողովի գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից: Բյուջեում առանձին տողով նշվում է այդ մասին:
(37-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 24.10.01 ՀՕ-251, խմբ. 26.02.07 ՀՕ-99-Ն, լրաց. 16.11.07 ՀՕ-221-Ն, խմբ., լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)