Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը
1. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի տեսակներն են`
ա) կադրերի կարճաժամկետ ռեզերվը.
բ) կադրերի երկարաժամկետ ռեզերվը:
2. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի`
ա) «զ», «է» և «ժթ» ենթակետերով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք.
բ) «ժգ» ենթակետում նշված հիմքով պաշտոնից ազատված աշխատակազմի ղեկավարները.
գ) «ժե» ենթակետով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք` գործուղման ժամկետի ավարտից հետո:
3. Քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցվում են`
ա) սույն հոդվածի 4-րդ կետում նշված` կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու ժամկետը լրացած անձինք.
բ) քաղաքական կամ հայեցողական պաշտոններ զբաղեցրած անձինք` պաշտոնավարման ավարտից հետո.
գ) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:
4. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, իսկ կադրերի երկարաժամկետ ռեզերվում` մեկ տարի, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:
5. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը` սույն օրենքի համաձայն:»: