Հոդված 11. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը
Հոդված 11. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը
1. Հաշվապահական հաշվառման գրանցումները կատարվում են սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են գործառնությունների կատարումը, այլ դեպքերի և իրադարձությունների տեղի ունենալը:
2. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան հետևյալ պարտադիր վավերապայմանները (ռեկվիզիտները)՝
1) փաստաթղթի անվանումը.
2) հերթական համարը.
3) կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
4) գործառնության մասնակիցների (մասնակցի) անվանումը (անունը, ազգանունը).
5) գործառնության (այլ դեպքի կամ իրադարձության) բովանդակությունը.
6) գործառնության (այլ դեպքի կամ իրադարձության) չափման միավորները` դրամական և (կամ) բնաիրային արտահայտությամբ.
7) պատասխանատու անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը:
3. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում կարող են ներառվել լրացուցիչ վավերապայմաններ` կախված գործառնության (այլ դեպքի կամ իրադարձության) բնույթից և տվյալների մշակման համակարգից: Լրացուցիչ վավերապայմանները կարող են սահմանել լիազոր մարմինը և (կամ) կազմակերպությունը:
4. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը կազմվում են գործառնության կատարման (այլ դեպքի կամ իրադարձության տեղի ունենալու) պահին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գործառնության (այլ դեպքի կամ իրադարձության) ավարտից անմիջապես հետո:
5. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը ժամանակին և ամբողջական ձևակերպելու, հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու նպատակով սահմանված ժամկետներում դրանք փոխանցելու պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը կազմող և ստորագրող անձինք:
6. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում սխալի ուղղումը համաձայնեցվում է տնտեսական գործառնության մասնակիցների հետ և հաստատվում տվյալ փաստաթուղթն ստորագրելու իրավունք ունեցող անձանց ստորագրություններով` նշելով ուղղման տարին, ամիսը և ամսաթիվը:
7. Լիազոր մարմինը կարող է սահմանել սկզբնական հաշվառման փաստաթղթերի օրինակելի ձևեր: Կազմակերպությունը կարող է օգտագործել այդ ձևերը կամ, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, դրանք սահմանել ինքնուրույն:
8. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով կարող են սահմանվել պարտադիր կիրառման ենթակա սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևեր: