Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

Հոդված 11. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը

1. Հաշվապահական հաշվառման գրանցումները կատարվում են սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի (այսուհետ՝ սկզբնական հաշվառման փաստաթղթեր) հիման վրա, որոնք արձանագրում են գործառնությունների կատարումը, այլ դեպքերի և իրադարձությունների տեղի ունենալը:

2. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան հետևյալ պարտադիր վավերապայմանները (ռեկվիզիտները)՝

1) փաստաթղթի անվանումը.

2) հերթական համարը.

3) կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.

4) գործառնության մասնակիցների (մասնակցի) անվանումը (անունը, ազգանունը).

5) գործառնության (այլ դեպքի կամ իրադարձության) բովանդակությունը.

6) գործառնության (այլ դեպքի կամ իրադարձության) չափման միավորները` դրամական և (կամ) բնաիրային արտահայտությամբ.

7) պատասխանատու անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը:

3. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում կարող են ներառվել լրացուցիչ վավերապայմաններ` կախված գործառնության (այլ դեպքի կամ իրադարձության) բնույթից և տվյալների մշակման համակարգից: Լրացուցիչ վավերապայմանները կարող են սահմանել լիազոր մարմինը և (կամ) կազմակերպությունը:

4. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը կազմվում են գործառնության կատարման (այլ դեպքի կամ իրադարձության տեղի ունենալու) պահին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գործառնության (այլ դեպքի կամ իրադարձության) ավարտից անմիջապես հետո:

5. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը ժամանակին և ամբողջական ձևակերպելու, հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու նպատակով սահմանված ժամկետներում դրանք փոխանցելու պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը կազմող և ստորագրող անձինք:

6. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում սխալի ուղղումը համաձայնեցվում է տնտեսական գործառնության մասնակիցների հետ և հաստատվում տվյալ փաստաթուղթն ստորագրելու իրավունք ունեցող անձանց ստորագրություններով` նշելով ուղղման տարին, ամիսը և ամսաթիվը:

7. Լիազոր մարմինը կարող է սահմանել սկզբնական հաշվառման փաստաթղթերի օրինակելի ձևեր: Կազմակերպությունը կարող է օգտագործել այդ ձևերը կամ, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, դրանք սահմանել ինքնուրույն:

8. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով կարող են սահմանվել պարտադիր կիրառման ենթակա սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևեր:

(11-րդ հոդվածը փոփ. 04.03.21 ՀՕ-84-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։