Հոդված 4. Հաշվապահական հաշվառման կարգավորումը
Հոդված 4. Հաշվապահական հաշվառման կարգավորումը
1. Հաշվապահական հաշվառման կարգավորումը և համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):
2. Լիազոր մարմինն իր իրավասության սահմաններում հաստատում է`
1) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը, կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը, կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը և ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթը.
2) սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:
3. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է`
1) հաշվապահների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայությունը.
2) հաշվապահների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխան աստիճանը հաստատող որակավորման քննությունների կազմակերպման համակարգի առկայությունը.
3) հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց (անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառումն ու վերջիններիս ցանկի հրապարակումը, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշների սահմանումը.
4) հաշվապահական հաշվառման ոլորտում միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը:
4. Սույն օրենքի համաձայն լիազոր մարմնի հաստատած կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը, կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը, ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթը և հաշվապահական հաշվառման վերաբերյալ այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտին: