Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-27-ից մինչև 2010-10-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 17

գործել է մինչև 2010-10-30Բացել ARLIS-ում

Հոդված 17.

Ծննդի ակտի գրառման մեջ ծնողների մասին տեղեկություններ լրացնելը

1. Երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը և մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ՝ նրանցից որևէ մեկի դիմումի հիման վրա: Երեխայի մոր մասին տեղեկությունները երեխայի ծննդի ակտի գրառման մեջ լրացվում են սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի հիման վրա, իսկ հոր մասին տեղեկությունները՝ ծնողների ամուսնության վկայականի հիման վրա:

2. Եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են, ամուսնությունը դատական կարգով ճանաչվել է անվավեր, կամ եթե ամուսինը մահացել է, բայց ամուսնալուծության, ամուսնության անվավեր ճանաչման կամ ամուսնու մահվան օրվանից մինչև երեխայի ծննդի օրը անցել է ոչ ավելի, քան երեք հարյուր օր, ապա ծննդի ակտի գրառման մեջ երեխայի մոր մասին տեղեկությունները լրացվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, հոր մասին տեղեկությունները՝ ծնողների ամուսնության վկայականի կամ ամուսնության պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթի, ինչպես նաև ամուսնությունը դադարելու ժամանակը հաստատող փաստաթղթի հիման վրա:

3. Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի ծննդի ակտի գրառման մեջ մոր մասին տեղեկությունները լրացվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով: Այդ դեպքերում երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են՝

ա) հայրության որոշման ակտի գրառման հիման վրա, եթե հայրությունը ճանաչվում և գրանցվում է երեխայի ծննդի պետական գրանցման հետ միաժամանակ.

բ) երեխայի մոր գրավոր հայտարարության հիման վրա, եթե հայրությունը որոշված չէ: Երեխայի հոր ազգանունը գրառվում է մոր ազգանվամբ, հոր անունը և նրա հայրանունը՝ մոր ցուցումով: Երեխայի հոր մասին լրացված տեղեկությունները չեն կարող արգելք հանդիսանալ հայրության որոշման հարցի լուծման համար: Մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կարող են չլրացվել երեխայի հոր մասին տեղեկությունները:

4. Ամուսնության մեջ գտնվող անձինք, որոնք գրավոր համաձայնություն ունեն որևէ կնոջից արհեստական սաղմնավորման կամ սաղմի պատվաստման մեթոդների կիրառմամբ երեխա ունենալու մասին, ծննդի պետական գրանցման գրքում գրառվում են որպես այդ մեթոդների կիրառմամբ ծնված երեխայի ծնողներ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։