Հոդված 9
Հոդված 9.
Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը
1. Քաղաքացիական կացության ակտի գրառման հիման վրա, քաղաքացու դիմումի համաձայն, տրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ:
2. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տրվում է՝
ա) այն անձին, որի վերաբերյալ կատարվել է տվյալ քաղաքացիական կացության ակտի գրառումը.
բ) մահացածի ազգականին կամ շահագրգիռ անձին` մահվան ակտի գրառման վերաբերյալ.
գ) ծնողներին (օրինական ներկայացուցիչներին) կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչին, եթե անձը, որի վերաբերյալ կատարվել է քաղաքացիական կացության ակտի գրառումը, վկայականի կրկնօրինակի տրման օրը անգործունակ է.
դ) այլ անձի, եթե նա քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու իրավունք ունեցող անձի կողմից ներկայացնում է սահմանված կարգով տրված լիազորագիր:
3. Կրկնօրինակ չի տրվում՝
ա) երեխայի ծննդյան վկայականի` այն ծնողներին, որոնք այդ երեխայի նկատմամբ զրկված են ծնողական իրավունքներից կամ սահմանափակված են նրանց ծնողական իրավունքները.
բ) ամուսնության վկայականի` այն անձանց, որոնց ամուսնությունը դադարել է կամ անվավեր է ճանաչվել:
Վերոհիշյալ անձանց դիմումով նրանց տրվում է երեխայի ծնունդը կամ ամուսնության պետական գրանցումը հաստատող փաստաթուղթ:
Վկայականների կրկնօրինակներ չեն տրամադրվում դադարած ամուսնության և մահացածի վերաբերյալ (բացի մահվան գրանցումից), ինչպես նաև անվավեր ճանաչված քաղաքացիական կացության ակտային գրանցումներից: Շահագրգիռ անձանց դիմումով ՔԿԱԳ մարմինը տրամադրում է փաստաթուղթ, որով հաստատվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցումները:
4. ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ է տալիս դիմելուց հետո` մեկ օրվա ընթացքում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
(9-րդ հոդվածը խմբ. 19.05.09 ՀՕ-128-Ն)