Հոդված 27
Հոդված 27.
Ամուսնության պետական գրանցման կարգը
1. Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ոչ ուշ, քան երեք ամիսը։ Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցման 10-օրյա ժամկետը կարող է կրճատվել հարգելի պատճառների առկայության դեպքում: Ամուսնության գրանցման ժամկետը կրճատելու համար հիմք համարվող հարգելի պատճառներ են`
1) ամուսնացող անձանց համատեղ երեխա (ներ) ունենալը.
2) ամուսնացող կնոջ հղիությունը (առնվազն 12 շաբաթական).
3) ամուսնացող անձի զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության.
4) ամուսնացող անձի` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը.
5) Հայաստանի Հանրապետությունում ամուսնացող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` միմյանց կամ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության դեպքում ամուսնացողների կամ նրանցից մեկի` Հայաստանի Հանրապետության տարածքից երկարատև ժամանակով մեկնելու (բացակայելու) դեպքում.
6) ամուսնացող անձի ծանր հիվանդությունը:
1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարգելի պատճառները պետք է հաստատված լինեն համապատասխան փաստաթղթերով (կնոջ հղիության վերաբերյալ բժշկական տեղեկանք, երեխայի ծննդյան և հայրության ճանաչման վկայական, զինվորական ծառայության վայրից տեղեկանք, Հայաստանի Հանրապետության տարածքից մեկնելու փաստը հաստատող փաստաթուղթ):
1.2. Ամուսնության պետական գրանցման ժամկետը, ելնելով կոնկրետ հանգամանքներից, կարող է կրճատվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի թույլտվությամբ:
2. (մասն ուժը կորցրել է 23.05.06 ՀՕ-64-Ն)
3. Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:
4. Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցումը կարող է կատարվել հանդիսավոր պայմաններում:
5. Եթե ամուսնացող անձինք (ամուսնացողներից մեկը) չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառներով, ապա ամուսնության պետական գրանցումն ամուսնացող անձանց ներկայությամբ կարող է կատարվել տանը, բժշկական կամ այլ հաստատությունում:
6. Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ ամուսնության պետական գրանցումն իրականացնում է ՔԿԱԳ մարմնի ղեկավարը՝ քրեակատարողական համապատասխան հաստատության ղեկավարի համաձայնությամբ ընտրված վայրում:
7. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությունը հաստատող ապացույցների դեպքում ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է մերժել ամուսնության պետական գրանցումը:
8. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար անձը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրված տեղեկանք` ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ: Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(27-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն, խմբ., լրաց. 25.05.11 ՀՕ-181-Ն)